Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, որ դա լինի գոյատեւելը. ժամանակների հեռվից ասում է մեծ դերասանը

Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, որ դա լինի գոյատեւելը. ժամանակների 
հեռվից ասում է մեծ դերասանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին 10-15 տարվա ընթացքում այնքան բան կատարվեց՝ սովետը փլվեց, երկրաշարժ, պատերազմ, հաղթանակ… Այդ ամեն ինչի մասին արվեստի ի՞նչ գործեր գիտեք: 10-20 տարի հետո մեր զավակները մեզ կհարցնեն՝ դուք քնա՞ծ էիք… 30-40 տարի հետո մեր ժամանակների մասին կխոսեն այսպես՝ դա մի ժամանակ էր, երբ ընտանեկան լոտո էին խաղում… Ազգովի նպատակ ունենք, եւ Աստված չանի, թե դա լինի գոյատեւելը…

Վերադառնալով թատրոնին՝ ասեմ, որ ամբողջ հարցը շնորհքի մեջ է: Շատ խոսում են ֆիլմի նկարահանման համար փող հայթայթելու մասին եւ համարյա չեն խոսում շնորհքի մասին: Ամենակարեւորը մոռացել ենք, որ ներկայացման, ֆիլմի չափանիշը մի բան կարող է լինել՝ ժողովրդի հետ խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ այսօր կինոն, թատրոնը՝ իրենց համար, կյանքը՝ իր: Իսկ կյանքը ուրիշ բան է՝ մեծ ցավերով ու հարցերով: Ժողովուրդը պիտի քաջություն ունենա ասելու՝ ռադ եղեք բոլորդ բեմից ու էկրանից…»:

Եվ նա՝ Խորեն Աբրահամյան առինքնող դերասանը վաստակել էր իրողությունների մասին այսպես խոսելու իրավունքը: Դերասան, որ խորացել էր թատերական արվեստի մեջ մինչեւ արմատները: Դերասան, որ իր առաջին քայլերն արեց այնպիսի մեծությունների հետ, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի ազգի թատրոն էր՝ բեմ բարձրացավ Վահրամ Փափազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի, Հրաչյա Ներսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Դավիթ Մալյանի հետ, թրծվեց իրապես մեր մեծերի կողքին եւ ինքն էլ մեծացավ: Այնուհետեւ կայացավ նախորդներից ոչ պակաս երեւելիների մի նոր շքախումբ՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Էդգար Էլբակյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, արվեստագետներ, որոնք նոր որակներ, նոր գույներ բերեցին բեմ ու նոր կյանք էին ստեղծում Սունդուկյանի անվան մայր թատրոնում: Եվ ամենեւին պատահական չէ, որ ժամանակի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը դարձավ առաջին մեծության աստղ ու իր տեղը նվաճեց ժողովրդի սրտում: Նրանց շարքում՝ նաեւ Խորեն Աբրահամյանը:

Անհանգիստ բնավորությամբ եւ ահռելի աշխատասիրությամբ օժտված դերասանը առաջինն էր իր արվեստակիցներից, որի տաղանդը նկատել էին նաեւ օտարազգի ռեժիսորները եւ հրավիրել նկարահանվելու իրենց ֆիլմերում: Իսկ առաջին դերակատարումը 1951-ին էր՝ փոքրիկ տղայի կերպավորումը Ա. Սուրովի «Լուսաբացը Մոսկվայի վրա» պիեսում:

Իր խաղով եւ խաղացանկով Խորեն Աբրահամյանը դասական ուղղության արտիստ էր, դասական ոչ միայն տվյալներով, այլեւ՝ անձնավորումներով: Նրա մարմնավորած կերպարները շեքսպիրյան որակի դերեր են՝ Կորրադո, Դոկտոր Շտոկման, Օթելլո, Կորեոլան՝ բոլորն էլ շաղախված կրքերի ուժգնությամբ, կերպարի զարգացման արտասովոր թափով, հույզերի ու ապրումների բարդությամբ: Այսպես են բնութագրում նրան թատերարվեստի խորագիտակ մասնագետները, նրա հետ տասնամյակներ աշխատած թատերական համբավավոր գործիչներ:

«Մի օրենք կա, որ չպետք է խախտել՝ ճշմարտությունը,-ասել է մեծանուն դերասանը,-եթե ճիշտ չէ՝ ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը, իսկ ճշմարտանման սուտը այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի եւ բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի՝ դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում՝ դերասանություն, իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետեւ առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով, մի խոստովանություն անեմ՝ միայն մի տեղ կա, որ սպանեն, սուտ չեմ անի՝ թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է, մեկ՝ դաժան ու սոսկալի, մեկ՝ տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ՝ ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել»:

Նրան չեն թողել ոչ թատրոնը, ոչ կինոն, ոչ էլ հեռուստատեսությունն ու ռադիոն: Բոլոր ասպարեզներում նա իր խոսքն է ասել եւ եղել է անփոխարինելի: Մնայուն կերպավորումներ են   դերակատարումները «Սարոյան եղբայրներ», «Տերը», «Մենք ենք, մեր սարերը», «Հանրապետության նախագահը», «Հյուսիսային աստղ», տասնյակ այլ  ֆիլմերում: Նրա բեմական փայլատակումներից է Շեքսպիրի Կորեոլանը, երբ համանուն բեմականացմանը ներկա շուրջ երկու տասնյակ անգլիացի դերասաններ չեն թաքցրել իրենց հիացմունքը՝ այն արտահայտելով բարձրաձայն: Այո, նա կարող էր խաղալ ցանկացած բեմում ու ցանկացած դեր: Ավելին, նույնքան սքանչացնող էին նրա կրկնօրինակումները օտար ֆիլմերում: Երբ հանճարեղ ռուս դերասան Ի. Սմոկտունովսկին լսում է «Համլետի» հայերենացված տարբերակը, ապշում է. «Հավատացեք, ոչ թե միայն ինձնից է լավ, այլեւ՝ Շեքսպիրից…»:

Տաղանդավոր դերասանը մտահոգ էր իր ժողովրդի ներկայով ու ապագայով, մեր կյանքի վայրիվերումներով, կատարվող իրադարձություններով, օտարամուտ էժանագին «ներմուծումներով», անմիտ ընդօրինակումներով, մարդկային փոխհարաբերությունների աղճատումներով. «Մարդը մարդ է դառնում այն ժամանակ, երբ ուրիշի ցավը ընդունել գիտի: Թատրոնը դրա խտացումն է: Երբեմն հարցնում են՝ ո՞րն է թատրոնի դաստիարակչական նշանակությունը: Թատրոնն, ինչ է, բա՞նտ է, դպրո՞ց, դրանցում են փորձում դաստիարակել, այն էլ բան դուրս չի գալիս: Ամերիկան աշխարհը գրավեց ոչ թե զենք ու զրահով, ռումբերով, այլ իր երգերով, ֆիլմերով: Մենք դրա մեջ ենք՝ ուզենք թե չուզենք: Իսկ այդ հեղեղին պետք է կարողանալ ինչ-որ բան հակադրել, որը մերն է: Դրա համար թատրոնը պետք է կարողանա խոսել ազգի հետ եւ ոչ դաստիարակչական նպատակներով: Ժողովրդի հետ խոսակցությունը չի կայանում…»:

Համբավավոր դերասանը բազմիցս առաջարկներ է ստացել խաղալու օտար բեմերում, ապրել խաղաղ ու բարեկեցիկ կյանքով օտար ափերում: Բայց նա սիրում էր իր հայրենիքը, ապրում էր իր ազգի հոգս ու ցավերով, ուրախանում նրա հետ, տխրում նույնպես. «Ես փողոցում լսում եմ այսօրվա հայերենը, ակամա վախի զգացողություն եմ ապրում՝ մեր լեզուն վտանգված է: Եվ ոչ միայն փողոցում՝ ռադիո, հեռուստատեսություն, մամուլ. այնպիսի հայերեն է մատուցվում, որ երբեմն փառք եմ տալիս Աստծուն, որ, ասենք, Սեւակը ողջ չէ…»:

Արմատներով իգդիրցի դերասանը, որին այդ մասնագիտությունն ընտրելուն մայրն էր հորդորել, նույնքան տաղանդավոր ռեժիսոր էր, ապացույցը՝ «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա», «Ոճրագործի ընտանիքը», «Օթելլո», «Ռանչպարների կանչը», «Հայերը Փարիզում» եւ այլ ներկայացումներ Սունդուկյանի անվան ու Գյումրու թատրոններում:

Այսուհանդերձ, ժողովրդական մեծավաստակ դերասանը, որ կյանքից հեռացավ ձմեռային այս օրը, դեպի անմահություն գնաց իր մեծ ու հայրենասեր սրտում դառնություն կուտակած: Ինչո՞ւ...

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]