1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանի «բարեփոխումների» քողի տակ թաքցված է ընտրություններում հաղթելու նրա ցանկությունը

 Էրդողանի «բարեփոխումների» քողի տակ թաքցված է ընտրություններում հաղթելու 
նրա ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023թ․ հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է բարդ իրադրության մեջ։ Երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև արտաքին բազմաթիվ խնդիրները նախագահ Էրդողանի համար նոր «գլխացավանք» են դարձել, և նա փորձելու է «բարեփոխումների» անվան տակ այնպես անել, որպեսզի գալիք ընտրություններում կարողանա հաղթել և շարունակել ղեկավարել երկիրը։ 

2020թ․ նոյեմբերը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում լի էր քաղաքական շրջադարձային իրադարձություններով։ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նախագահի փոփոխությունը, աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի պատվաստանյութի հայտնաբերումը, Իրանում Մուհսին Ֆահրիզադեի սպանությունը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված, պատերազմի ավարտը նախանշող եռակողմ հայտարարությունը  նոյեմբերին տեղի ունեցած իրադարձություններից ամենակարևորներն են։ Քաղաքական ինտրիգներից զերծ չմնաց նաև Թուրքիան։ Մի քանի ամիս շարունակվող արտարժույթի փոխարժեքի  տատանումները շարունակվեցին նաև նոյեմբերին, թուրքական լիրան մի քանի օր շարունակ ռեկորդներ էր գրանցում՝ հասնելով պատմական ամենացածր արժեքին (մեկ դոլարի դիմաց լիրան գնահատվում էր 8,52)։ Դրա արդյունքում Թուրքիայում աշխատանքից հեռացվեցին, նախ՝ կենտրոնական բանկի նախագահը, հետո ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրակը։ Ալբայրակի հրաժարականից հետո թուրքական արժույթը սկսեց որոշակի կայունություն ցուցադրել, Էրդողանը հայտարարեց երկրում  նոր տնտեսական և քաղաքական ռեֆորմներ անցկացնելու մասին։ Հակաիշխանական հայտարարությունների համար աշխատանքից ազատվեց Էրդողանի հետ քաղաքական մեծ ճանապարհ անցած, ԱԶԿ կուսակցության հիմնադիրներից մեկը համարվող Բյուլենթ Արընչը։ Այս ամենը տեղի ունեցավ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, և այս քաղաքական գործընթացները, հավանաբար, կշարունակվեն  նաև առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանի որ մոտենում են ընտրությունները և նախագահ Էրդողանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա հաղթել դրանցում։

Եկեք իրադրության գնահատումը սկսենք մի փոքր հետ գնալով: Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014թ․ ընտրվեց նախագահ: Էրդողանը գիտեր, որ  Թուրքիայում այդ ժամանակ գործող խորհրդարանական համակարգում նախագահի դերը զուտ ներկայացուցչական է։ Նա կարծում էր, որ չի կորցնի իր իշխանությունը, եթե նույնիսկ շարունակի աշխատել որպես նախագահ, բայց շուտով հասկացավ, որ իրականությունն այդքան էլ այդպես չէ, իշխանությունը կորցնելու վտանգ կա: Վարչապետի ձեռքում էր կենտրոնացած երկրի գրեթե ողջ իշխանությունը, ինչպես նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող էր միաժամանակ լինել  կուսակցության նախագահ։ Էրդողանն որոշեց ստեղծել այնպիսի համակարգ, որում նա միաժամանակ կարող է լինել նախագահ, վարչապետ և կուսակցության նախագահ: 2017 թվականի ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիան անցավ «նախագահական» կառավարման համակարգի։ Հանրաքվեում Էրդողանին սատարելու դիմաց՝ Դևլեթ Բահչելին, որը  «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն էր, Էրդողանին ցմահ կախվածության մեջ դրեց իրենից և դարձավ կառավարության կրտսեր գործընկեր: 

Էրդողանը լավ գիտակցում  է, որ չնայած 2017-ին անցկացված հանրաքվեից անցել է ընդամենը 3 տարի, բայց նախագահական կառավարման համակարգը չի գործում այնպես, ինչպես ինքն էր ցանկանում։ Նա կախվածության մեջ է ընկել ԱՇԿ-ից, և անընդհատ ստիպված զիջումների է գնում, որպեսզի չկորցնի իր թերևս միակ դաշնակից կուսակցությանը։ Այդպիսով քանդվում է Էրդողանի այն իմիջը, որը նա երազում էր կառուցել տարիներ շարունակ։ Թուրքական մի շարք ընդդիմադիր ուժեր պնդում են, որ Էրդողանի կողմից Դևլեթ Բահչելիին արված զիջումները շատ ծանր կացության մեջ են դնում երկիրը։ Չնայած Էրդողանին մոտ կանգնած հետազոտական ընկերությունները ներկայացնում են տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ «ժողովրդական դաշինքը» (ԱԶԿ և ԱՇԿ) հասարակության մեջ մեծ հեղինակություն է վայելում, հարցումների իսկական արդյունքները լրիվ այլ բանի մասին են խոսում և դրանից քաջ տեղյակ է նաև նախագահ Էրդողանը: Թուրքիայի վատ վիճակում գտնվող տնտեսությունը, 171 միլիարդ արտաքին պարտքը, որը երկիրը պետք է վճարի հաջորդ 12 ամիսների ընթացքում, կորոնավիրուսային համաճարակի` երկրում տիրող անկառավարելի իրավիճակը ավելի են բարդացնում Էրդողանի դրությունը, և հետևաբար քչացնում նրա` հաջորդ ընտրություններում ընտրվելու հավանականությունը։ Էրդողանը ելք է փնտրում այն բարդ ու ճգնաժամային իրավիճակից, որի մեջ նա հայտվել է իր վարած արկածախնդիր ու անհեռանկար քաղաքականության պատճառով։ Նա գիտի, որ եթե մինչև հաջորդ ընտրություններ ընկած ժամանակահատվածում չկարողանա որևիցե ելք գտնել այս անդունդից դուրս գալու համար, կարող է պարտվել ընտրություններում և դրա հետևանքները նրա համար շատ ծանր կլինեն։ Իրավիճակը Էրդողանի համար կարելի է նաև նկարագրել իր կողմից հաճախ օգտագործվող «Կամ կլինենք կամ կմեռնենք» արտահայտությամբ։ Էրդողանի ելքը խորհրդարանական համակարգին և «Արդարություն և Զարգացում կուսակցության» (ԱԶԿ)  հիմնադրման տարիների քաղաքականության  վերադարձն է։ 

Էրդողանը հասկանում է, որ պարտվելու ռիսկը կմեծանա, եթե երկրում շարունակի տիրել նախագահական կառավարման համակարգը։ Այսպիսով, Էրդողանը հնին վերադարձի որոշում է կայացրել: Վերադարձ հնին, նշանակում է վերադարձ խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաև ներքին քաղաքականության հանդեպ խիստ գործելաոճին։ Էրդողանը «բարեփոխումների» իրականացման համար պետք է իր կուսակցության ներսում աջակցություն ապահովի, միևնույն ժամանակ պետք է  փորձի հավասարակշռություն պահպանել «ժողովրդական դաշինք»-ի ներսում, քանի որ եթե ԱՇԿ կուսակցությունը չհամաձայնի նրա հետ, Էրդողանը կարող է զրկվել իշխանությունից։ Դևլեթ Բահչելին նույնպես երկընտրանքի մեջ է, եթե թույլ տա Էրդողանին վերադառնալ «հին ժամանակներին», նրա կուսակցությունը կարող է կորցնել իր դիրքերը: Այդ պատճառով և՛ Էրդողանը, և՛ Բահչելին շատ չափավոր են գործում: Նույնիսկ եթե Էրդողանն ու Բահչելին միմյանց դեմ չեն խոսում, նրանց միջև եղած լարվածությունը ակնհայտորեն աճում է: 

Վերադառնալով հնին՝ Էրդողանը նախ փորձում է ընդդիմության ձեռքից խլել իրեն դեմ արտահայտվելու համար առաջացած փաստարկները։ Իր ուզածին հասնելու համար Էրդողանը միշտ երկու քայլ առաջ, բայց մեկ քայլ հետ է անում։  Դա առաջին հերթին վերաբերում է տնտեսությանը։ Այդ առումով նա գնաց «զոհաբերության» և կարևոր քայլ կատարեց։ Նա վերցրեց տնտեսության կառավարումը Բերաթ Ալբայրակից և հանձնեց նախկին չինովնիկներին և տեխնոկրատներին: Հայտնի չէ՝ կփոխվի՞ արդյոք տնտեսության իրավիճակը դեպի դրականը, բայց տնտեսական բյուրոկրատիայում դիրքերի այս փոփոխությունները հաջորդաբար կընթանան դեպի ամենացածր աշխատակազմ: 

Ներքին քաղաքականության վրա իր հսկայական ազդեցությունն ունի նաև արտաքին քաղաքականությունը։ ԱՄՆ ընտրություններում Բայդենի հաղթանակով ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունը Չինաստանից փոխվեց դեպի Ռուսաստան: Ռուսաստանի հետ պայքարում ԱՄՆ-ը փորձում է ամեն կերպ օգտագործել թուրքերին և ստանալ նրանց աջակցությունը։ Սակայն Էրդողանը ավելի շատ մոտ է կանգնած հանրապետականներին, քան Բայդենի գլխավորած դեմոկրատներին։ Արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի ագրեսիվ գործողությունները գնալով ավելի ու ավելի են սկսում անհանգստություն պատճառել Եվրոպային։ Վերջերս Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից գազի որոնման աշխատանքների իրականացման հետ կապված Հունաստանի հետ լարվածության աճը վատացրել է Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ։ ԵՄ մի շարք երկրներ խոսում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին։ Հունաստանից բացի, Թուրքիան խնդիրներ ունի հարևան գրեթե բոլոր պետությունների հետ։ Էրդողանը այս քայլերով փորձում է ամրապնդել իր դիրքերը մինչև գալիք ընտրությունները, և մեծացնել իր քաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Սակայն այս ամենը, բնականաբար, առաջացնում են տարածաշրջանում իրական հզոր «խաղացողների» վրդովմունքը։ Այս ամենի` Թուրքիայի համար կործանարար լինելը սկսել են հասկանալ նաև թուրքական ընդդիմության շարքերում։ Մի շարք գործիչներ, տնտեսական այս կոլապսային իրավիճակը կապում են հենց Էրդողանի վարած անհեռատես ու ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ։ 

Հայտնի չէ, կհաջողվի՞ արդյոք Էրդողանին կարգավորել իրավիճակը երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, սակայն ակնհայտ է, որ Էրդողանի «փրկության ուղին» շատ բարդ ու ծանր է լինելու։ Հաջորդ մի քանի ամիսները շատ ավելի ակտիվ կլինեն քաղաքական առումով, և ցանկացած քաղաքական իրադարձություն իր մեջ կարող է մեծ նշանակություն պարունակել։

Սեդրակ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]