Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով. Փաշինյան

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի 
փաստաթուղթ ստորագրելով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր գործընթաց է սկսվել Հայաստանում. Ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել ԼՂ-ի փոխարեն: Եվ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ գործող իշխանությանը մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի, ընկալել է  որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: «Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը ՀՀ-ին մեղադրում էր փաստաթղթավորված՝ Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է օքուփայդ (Occupied), այնպես որ «օկուպացված» բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ սա 2000-ականների՝ Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է, և այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել ասում են, թե գործող իշխանությունը դիվանագիտությունը ձախողել է:

Վարչապետը պարզաբանեց՝ նկատի ունի, որ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020-ին չի ձևավորվել, այլ՝ վերջին  25 տարիների ընթացքում, որ ԼՂ-ի հարցը ընկալվեց  որպես տարածքային վեճ, և դա դարձավ ամենամեծ խնդիրը: «Եվ որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ: Դա վերջին 2 տարիների ընթացքում չի տեղի ունեցել: Վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել դուրս գալ այդ կախարդական շրջանից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ իշխանությանը մեղադրում են, թե ՀՀ-ի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը, սակայն ոչ ոք հարց չի տալիս, թե ԼՂ-ի հարցում Հայաստանը ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: «Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է ունենա, և սա է հարցի լուծման բանաձևը: Դիվանագիտական հաջողությունը 1998-ին բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետություն փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջը, և այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ, և այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Դիվանագիտական հաջողությունը 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում է,որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան. Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում միայն, եթե Ադրբեջանը համաձայնվի: Դիվանագիտական հաջողությունը 2011-ի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարն այստեղ-այնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Փաշինյանը:

Նա հարցրեց՝ դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր ադրբեջանական տարածքների օկուպացված լինելն ու որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013-ից Ադրբեջանը սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու ըստ էության ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: «Դիվանագիտական հաջողությունը 2016-ի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Լավ, ինչպես պնդում եք՝ մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, դուք՝ լավ: Եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության դուրս բերվեց օրակարգից: Դուք լավ դիվանագետ էիք, այդ ինչպե՞ս եղավ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց. Որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր, այսինքն` ընդունեցիք, լեգիտիմացրեցիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը: Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մեր ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ չկարողացան խուսափել պատերազմին ՝ հակադարձեց՝ խուսափող էիք, 2016-ին խուսափեիք պատերազմից: «Չկարողացաք խուսափել, կարողացաք կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով նրան, թե ինչու գործող իշխանությանը նույնը չհաջողվեց՝ ասաց. «Որովհետև մեզ ասվում էր՝ քանի որ նախկինում Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքներ ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը՝ կոնկրետ ժամկետների նշումով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով, նկատի ունեմ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից ասել է, որ հենց հիմա կարող է կանգնեցնել պատերազմը՝ ասելով, թե ինչ գնով: Փաշինյանը հարց բարձրացրեց՝ այն ժամանակ ինչու՞ հայտարարություններ չէին անում, թե համաձայն են սկզբունքին, պետք է կանգնեցնել պատերազմը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]