1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Լեհական մշակույթի օրեր» ՀՀ-ում. նախատեսված են մի շարք միջոցառումներ

«Լեհական մշակույթի օրեր» ՀՀ-ում. նախատեսված են մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 7-9 «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն. նախաձեռնության շրջանակում կազմակերպվելու են կինոցուցադրություններ, ֆոտոցուցահանդես, գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները ներկայացրին որոշ մանրամասներ՝ տեղեկացնելով, որ նախագծի հեղինակներն են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Դեկտեմբերի 7-ին «Դալան» ցուցասրահում նախատեսվում է «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Ներկայացվելու է նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ»  ֆիլմը, իսկ հետո՝ լեհ հայտնի պատմաբան Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Դեկտեմբերի 8-ին և 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Լեհաստանում մեծ ճանաչում ունեցող դերասանների և դերասանուհիների մասնակցությամբ Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները»,-հայտնեց «Ոսկե ծիրան»-ի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ դեկտեմբերի 9-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ, որի ընթացքում կհնչեն լեհական դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները:

«Ճիշտ է՝ ծրագիրը կարճ է, բայց հագեցած: Կարծում եմ՝ այն կհետաքրքրի և՛ երաժիշտներին, և՛ կինոյի երկրպագուներին, և՛ այլ արվեստասերների: Հնարավոր է՝ ծրագրում փոփոխություններ լինեն, որոնց մասին կտեղեկացնենք»,-ասաց Հովհաննիսյանն ու ընդգծեց, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցն էլ նշեց, որ հերթական անգամ է Հայաստանում: «Այստեղ եմ եղել նաև 2018 թվականին, երբ Լեհաստանի անկախության վերականգնման տոնակատարությունների դասական երաժշտության համերգ կազմակերպվեց Արամ Խաչատրյան համերգասրահում: Տեղի հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց այն: Դա է պատճառը, որ այս անգամ ևս կարևոր տոնը նշում ենք Հայաստանում»,-խոստովանեց նա ու անդրադարձավ ցուցադրվող ֆիլմերին:

Լաբենցն ընդգծեց, որ «Լեգիոններ» կինոնկարը ներկայացնում է մի պատմություն, երբ երկու տղամարդ սիրում են միևնույն կնոջը: Ֆիլմի հիմքում պատերազմն է: «Սուրհանդակը» ժապավենի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

«Լեհաստանում ամենայն հարգանքով են վերաբերվում հայերին, որոնք մասնակցել են պատերազմին: Վարշավայի ամենանշանակալի կոթողներից է «Անհայտ զինվորի հուշարձան»-ը: Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ մայրեր փնտրել են իրենց որդիների մարմինները: Շատերը չէին կարողանում գտնել դիերը: Երբ տեղադրվել է հուշարձանը, հայ  մայրերից մեկն ասել է, որ այն կդառնա վկայություն այն մասին, որ պատերազմին մասնակցել են նաև հայ զինվորները»,-պատմեց Ագնեշկա Լաբենցը:

Նա խոսքը եզրափակեց՝ շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչներին, որոնք օգնել են կազմակերպել «Լեհական մշակույթի օրեր»-ը Հայաստանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]