Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պարտադիր չէ շղթան ձեռքին լինի, նախ հոգին պիտի ազատագրել շղթաներից. Մովսես Գորգիսյան

Պարտադիր չէ շղթան ձեռքին լինի, նախ հոգին պիտի ազատագրել շղթաներից. Մովսես 
Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատատենչ նրա ոգու արմատները գալիս են տոհմական արյան բաղադրությունից. նրա նախնիների բնօրրանը եղել է Արեւմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Սղերդ քաղաքը, որտեղ  աչքերն է բացել Մովսեսի Սամի Չաուշ պապը: 1915-ի հայոց եղեռնի օրերին շինական հայորդին, քաջ գիտակցելով օրհասական վիճակը, զենք է վերցնում եւ դառնում պայքարի մարտիկ, հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը, մասնակցում բազում վճռորոշ մարտերի, հետագայում նաեւ՝ Սարդարապատի հերոսամարտին: Ժամանակակիցները պատմել են, որ  Սամի Չաուշը շուրջ 100 հայ աղջիկների է ազատել թուրք եղեռնագործների ճիրաններից, որոնցից մեկին՝ Վերոնիկային, բախտ է վիճակվել դառնալու քաջազուն հայորդու կինը, ասել է թե՝ Մովսես Գորգիսյանի տատը:

Գաղթի ճանապարհները նրա նախնիներին տարել են Եգիպտոս: Կահիրեում հիմնում է սրճարան՝ «Ընկեր Սամուելի սրճարանը», որը հավաքատեղի է դառնում գաղթական հայերի համար: Փոքր հասակից Սամուելը ուխտել էր ծառայել հայոց արդար դատին ու կյանքը նվիրել խլված հայրենիքի ազատագրմանը: Եղեռնի տարիներին պատմական Կիլիկիայից Մերձավոր Արեւելք է տարագրվում նաեւ Մովսեսի մոր՝ Աթթարյանների տոհմը: Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1947-ին, հարյուր հազարավոր հայրենակարոտ հայերի հետ հայրենադարձվում են նաեւ Մովսեսի ծնողները՝ հայրը՝ Գեւորգը՝ Կահիրեից, մայրը՝ Ալիսը՝ Հալեպից: Սակայն խորհրդային իշխանությունների որոշումով նրանք եւս դասվում են հասարակության համար անբարեհույսների եւ անցանկալի տարրերի շարքը եւ բռնագաղթեցվում հեռավոր Սիբիր՝ Ալթայի երկրամաս: Այստեղ էլ հանդիպում են ապագա հերոսի ծնողները եւ ամուսնանում: Ունենում են երկու արու զավակ, իսկ ժամանակի հրեշի՝ Ստալինի մահից հետո նրանց թույլատրվում է վերադառնալ հայրենիք:

Այստեղ՝ Երեւանում է ծնվում աքսորյալ ամուսինների երրորդ զավակը՝ Մովսես Գորգիսյանը: Երեք տարեկանում կորցնում է աքսորավայրում տառապած, հիվանդություններ ձեռք բերած հորը: Ընտանիքի ողջ բեռը ծանրանում է մոր ուսերին: Ամեն դեպքում, փոքրիկը մեծանում է մի ընտանիքում, որտեղ պաշտամունք էին ազգային-ազատագրական շարժումների նվիրյալները: Եվ թոռան մեջ վերածնվում է Սամի Չաուշը՝ ազգային հողի վրա անզիջում ու հանդուգն բնավորությամբ: Այդ բնավորության զորեղացմանն ու գաղափարական ուղղվածությանը նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ հարեւան Նաջարյանների տանը հաճախ էին հավաքվում նորաստեղծ Ազգային միացյալ կուսակցության անդամները, զրուցում, որոնց ներկա էր լինում տակավին դպրոցահասակ պատանին, լսում պատմություններ ազգային-ազատագրական շարժման ու ֆիդայիների սխրանքների մասին: Հետագայում ծանոթանում է Աշոտ Նավասարդյանի հետ, ով մի քանի հանձնարարականներ տալով՝ ստուգում է ու զարմանք ապրում Մովսեսի սկզբունքայնությունից, հավատարմությունից:

1979 թ. փետրվարի 18-ին ազգային ազատագրական գաղափարներով ապրող Մ. Գորգիսյանը Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ որդեգրվում է Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքի անկախացման ազգային-ազատագրական պայքարին եւ դառնում ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամ: Այդուհետ նրա կյանքի նպատակը պայքարն էր ու մաքառումը, ճակատագիրը՝ անմնացորդ նվիրում եւ ծառայություն ազատագրության, անկախության եւ ազգային պետականության բացարձակ գաղափարներին. «Այն ազգը, որ ազատություն չի ուզում, որ հաշտվել է իր կալանավորված, ստրուկ վիճակին, ուրեմն որպես ազգ սպառվել է ու գոյություն չունի: Բոլոր ճիգերը իզուր են ու անօգուտ»: Բայց նա հավատում էր իր ազգի ազատատենչ ու աննկուն ոգուն. «Որեւէ կազմակերպություն, կուսակցություն չի կարող լինել ազգային, եթե թելադրված է Մոսկվայի կամ մեկ այլ ազգի կողմից: Կոմունիստական կուսակցությունը, գաղափարախոսությունն ու կառավարությունը ազգային չեն, առավել եւս՝ մերը չեն: Մեր ազգը պետք է այսօր կոմունիստական կուսակցությունից եւ այս սիստեմից անկախ վճռի իր բոլոր խնդիրները»:

1987 թ. Ազգային միացյալ կուսակցությունը դուրս է գալիս ընդհատակից՝ վերանվանվելով Ազգային ինքնորոշում կուսակցություն: Սրանք գորբաչովյան վերակառուցման տարիներն էին: Անկախ հալածանքներից ու ձերբակալություններից, նոր թափ էին առնում ազատության ու ինքնորոշման գաղափարները: Մովսես Գորգիսյանը այդ շարժումների առաջնաշարքերում էր: Նա առաջինն էր, որ Ազատության հրապարակում ծածանեց հայոց եռագույն դրոշը, հրատարակեց եւ խմբագրեց «Հրապարակայնություն» եւ «Հայրենիք» ամսագրերը, ստեղծեց «Հայոց ազգային բանակ» եւ «Անկախության բանակ» ջոկատները՝ որպես ապագա ազգային բանակի հիմք, զինեց դրանք գաղափարապես, օգնեց սպառազինության եւ հանդերձանքի հայթայթման խնդիրներում: Իսկ այդ ժամանակ զինված ընդհարումներն արդեն սկսվել էին սահմանամերձ գոտիներում:

1990 թ. հունվարի 18-ին լուր է ստացվում, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի եւ Նախիջեւանի շփման տարածքում: Որ խաղաղ բնակչության մեջ արդեն կան զոհեր, վիրավորներ: Օրըստօրե սպառնացող վտանգը չեզոքացնելու համար ինքնապաշտպանական ջոկատները շտապում էին դեպի Երասխավան: Մովսեսն այդ օրը հիվանդ էր, ջերմություն ուներ: Անելիքներ շատ կային, սակայն  կազդուրվելու ժամանակ չկար: Երասխավանի կռիվը «Անկախության բանակի» առաջին մարտն էր՝ այն էլ խորհրդային բանակի դեմ: Եվ 28-ամյա գաղափարական Զինվորը, զենք վերցնելով, հայտնվում է կրակագծում: Քաջ գիտակցելով, թե ովքեր են դավադիր սադրանքների հետեւում եւ ինչ խարդավանքներ են ձեռնարկել հայության դեմ, հունվարի 19-ին Երասխավանի բլրի վրա հնչում է նրա վերջին խոսքը. «Չեք տեսնում, թե ի՞նչ խաղ է՝ թատրոն…»: Եվ թշնամու գնդակից նահատակվում է իր ժողովրդի քաջազուն որդին, նրա ազատատենչ ոգին մարմնավորողն ու հայոց նորագույն պատմության կերտողներից մեկը:

Ի դեպ, Մովսես Գորգիսյանը կարող էր դառնալ հրաշալի դերասան՝ խաղացել էր Արման Մանարյանի «Հող եւ ոսկի» գեղարվեստական կինոնկարում, մարմնավորել գլխավոր հերոսի՝ Սանթուրի դերը, աշխատել Գորիսի դրամատիկական թատրոնում: Կարող էր դառնալ բարձրակարգ ռեժիսոր, իրեն նվիրել մշակույթին ու իր հետագիծը թողնել այս ասպարեզում: Բայց նրա երակներում հոսում էր իր ազատատենչ ու արժանապատիվ պապի՝ Սամի Չաուշի արյունը, արյուն, որն այնքան թանկ էր, ինչպես հողը հայրենի, որին էլ իր կյանքը նվիրաբերեց մեծ հայորդին՝ արժանանալով Ազգային հերոսի կոչման  ու անմահության փառքի դափնեպսակին:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]