Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակից աշխատանքային պայմանագիր է ստորագրել

SAS BASE ծրագրավորման անվճար դասընթացի 4 մասնակից աշխատանքային 
պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում ավարտվել է «SAS BASE» ծրագրավորման անվճար դասընթացի առաջին խմբի ուսումնական գործընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, գրանցված 21 մասնակիցներից քննությունը հանձնել են 10֊ը, նրանցից 4֊ը աշխատանքի առաջարկ են ստացել կազմակերպիչ՝ «Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունում, մի քանիսն էլ ուսումնասիրում են առաջարկներ այլ ընկերություններից:

Նոյեմբերի 30֊ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել ավարտական քննությունը հանձնած 10 մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, ողջունել է դասընթացի մասնակիցներին, շնորհավորել նրանց ավարտելու և նրանցից 4֊ին՝ նաև աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել «Դը Գուրուս» (The Gurus) ընկերության աշխատակազմին դասընթացը լավագույնս անցկացնելու և գերազանց առաջադիմություն ունեցող մասնակիցներին՝ ընկերությունում աշխատանքի հնարավորություն ընձեռելու համար: Իր խոսքում, նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է տեխնոլոգիական կրթության և պետություն֊մասնավոր հատված համագործակցության կարևորության մասին:

«Դը Գուրուս» (The Gurus) ընկերությունն արդեն իսկ ընդունում է երկրորդ փուլի մասնակիցների հայտերը. դասընթացները շուտով մեկնարկելու են: Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանում և Արցախում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Դը Գուրուս» ՍՊ ընկերության միջև 2020 թվականի հուլիսին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, ընկերությունն իրականացնելու է «SAS Base» ծրագրավորման լեզվի անվճար ուսուցում 90 մասնակցի համար՝ Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:

 «Դը Գուրուս» ՍՊԸ-ն տարածաշրջանում ամենամեծ և ամենափորձառու SAS ծրագրավորողների խումբ ունեցող ընկերություններից է։ Կազմակերպությունը SAS programming, Data management և Biostatistics-ի ծառայություններ է մատուցում  աշխարհահռչակ դեղագործական կազմակերպությունների։ 

«SAS Base» ծրագրի և գրանցման մանրամասները ներկայացված են edu.hti.am կայքում հետևյալ հղումով:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ