Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Հանրապետությունում անանսահամաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի. ՍԱՏՄ ղեկավար

Հանրապետությունում անանսահամաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի. 
ՍԱՏՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալներով պատերազմը սկսելուց ի վեր Արցախից Հայաստան է տեղափոխվել  9 հազար 616 գլուխ կենդանի: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը չի բացառում նաև դեպքերը,  երբ անասունները Արցախից Հայաստան տեղափոխված լինեն ոչ ավտոմեքենաներով, և դա վրիպած լինի տեսչական մարմնի ուշադրությունից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նրա խոսքով, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պատկան մարմինների հետ համատեղ պատերազմական պայմաններում սկսել են և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխող կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:

«Համատեղ, օպերատիվ միջոցառումները թույլ տվեցին զերծ մնալ  անասնահամաճարակներից: Այս պահին որևէ հիվանդ կենդանի չունենք, մանավանդ, այնպիսի վտանգավոր հիվանդությունով, ինչպիսին է դաբաղը: Միջոցառումները շարունակվում են, այդ բոլոր կենդանիները կպատվաստվեն պետական  պատվերով նախատեսված այլ հիվանդությունների նկատմամբ»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Ամեն դեպքում չեն բացառվում դեպքեր, երբ անասուններ Արցախից Հայաստան տեղափոխված լինեն, ոչ ավտոմեքենաներով, և դա վրիպած լինի տեսչական մարմնի ուշադրությունից:  Գեորգի Ավետիսյանը նշեց, որ սերտորեն համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, անասնաբույժների միջոցով գյուղերում փորձում են ճշտումներ անել:

«Մեր կարծիքով, գլխաքանակների հետ կապված նշված 9 հազար 616-ն այն թիվը չէ, որ պետք է լիներ: Կլինեն կենդանիներ, որոնք բերվել են սարերով, դաշտերով կարող են մեր աչքից վրիպած լինել: Այժմ այդ ճշտումներն ենք կատարում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Տեսչական մարմնի ղեկավարի գնահատմամբ, հանրապետությունում անանսահամաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ