Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. Դատախազություն

Ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար 
ապացույցներով. Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից զինված ահաբեկիչների և վարձկանների կազմակերպված և համակարգված ձևով մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Նշվում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ, ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող, նյութական հատուցում ստանալու նպատակով հատուկ հավաքագրված անձանց՝ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, պայթյունի, հրկիզման և այլ նմանօրինակ գործողությունների կազմակերպմամբ ու իրականացմամբ, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Վերոգրյալի հիման վրա 2020թ. հոկտեմբերի 12-ին քրեական գործի նյութերով՝ միջազգային ահաբեկչության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը միացվել է Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով 2020թ. հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին մասնակցող վարձկան՝ 1988թ. ծնված, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Սարմադի քաղաքին հարակից Աթմի գյուղի բնակիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին, իսկ  նոյեմբերի 2-ին` ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Իդլիբ նահանգի Ջսեր Ալ Շահուր քաղաքի Ալ Զիեդիե գյուղի բնակիչ 03.05.1975թ. ծնված Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին:

Պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին կետով, 395-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի /35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում/, Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի /35 տարեկան/, Աբու Դիաբ Հալաբիի /30 տարեկան/  վերաբերյալ:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել նշված անձանց ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, «Աբու Համշա» մականվամբ Մուհամմադ Ալ-Ջասիմի /ծնված 1985թ.,/ կողմից նյութական հատուցման դիմաց Սիրիայի Արաբական Հանրապետությունում շուրջ երկու հազարից ավելի վարձկաններ հավաքագրելու, նրանց Ադրբեջան տեղափոխելու, ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ վարվող պատերազմում ներգրավելու, այդ թվում՝ տեղում գործողությունները ղեկավարելու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա 2020թ. նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել Մուհամմադ Ալ-Ջասիմին ՀՀ քրեական օրենսգրքի 38-389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 395-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ մասերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված օբյեկտիվ ապացույցները հիմնավորում են  պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի Հանրապետության տարածքում միջազգաին ահաբեկչական խմբավորությունների անդամ ծայրահեղական ահաբեկիչների, վարձկանների ներկայությունը և Ադրբեջանի ԶՈՒ կազմում ակտիվ մասնակցությունը ռազմական գործողություններին և Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործություններին: Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ եռակողմ հայտարարության ընդունումից հետո  հակամարտության գոտուց վերջիններիս հեռացվելու վերաբերյալ  առկա չէ  որևէ տվյալ: 

Ավելին, ըստ հրապարակվող տեղեկությունների՝ միջոցներ են ձեռնարկվում ահաբեկչական խմբավորումների տեղակայման և վարձկանների հավաքագրման հիմնական կենտրոններից մեկը հանդիսացող՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային շրջաններից կազմակերպված ձևով անձանց Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ տեղափոխման և հաստատման վերաբերյալ: Վերջինս, իրականությանը համապատասխանելու դեպքում, ըստ էության, կարելի է գնահատել որպես տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենտրոնացման, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության սպառնալիքների մեծացմանը, հարաբերական խաղաղության խաթարմանը միտված քայլ:

ՀՀ գլխավոր դատախազությունն իր գործընկեր երկրների, կազմակերպությունների ղեկավարներին միջազգային համագործակցության շրջանակներում պարբերաբար առաքվող նամակներով, ընթացքում ձեռք բերվող փաստական տվյալների փոխանցմամբ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով նման դրսևորումների վրա՝ վերահաստատում է իր պատրաստակամությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով լայն համագործակցություն ծավալելու միջազգային ահաբեկչության տարածման, տարածաշրջանում ահաբեկչական նոր կենտրոնների ստեղծման և ամրապնդման փորձերը կանխելու, դրանցում ներգրավվող անձանց հայտնաբերելու և պարտադիր պատասխանատվության ենթարկելու հարցում:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]