Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մի տրվեք անապագայության քարոզին. ՀՀ վարչապետ

Մի տրվեք անապագայության քարոզին. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է, որ Հայաստանում և նրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, ովքեր փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, փորձում են քաոս սերմանել երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետի խոսքով, նրանք ուզում են ուղղակի պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձը ապահովելու համար:

«Ուզում եմ հստակ եւ աներկբա ասել՝ մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ իշխանությունից կառչած ենք, այլ որովհետև դա չի ուզում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, ում հպարտությունը, այո՛, խոցված է, բայց ոչ ոչնչացված, ում արժանապատվությունը, այո՛, վիրավորված է, բայց ոչ մահացած»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, վերջին օրերին տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր, ընդ որում, արտաքին ուժերին համընթաց, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը բորբոքելը դարձրել են իրենց հիմնական անելիքը:

«Երեկ, օրինակ, ոմանք՝ բառիս բուն իմաստով խրախճանք, կրկնում եմ՝ խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե Հայաստանի կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին: Նման պահվածքը գուցե և ունենա հազար ու մի բացատրություն, նման պահվածքի քննադատությունը գուցե թե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք գուցե ալիքի մեջ ընկնելու ոչ մի, այսպես ասած, չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի տակից, խորքից մենք պետք է դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների հիմնական նպատակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ անցյալի մասին խոսելը կարևոր է, և դրա հետ կապված առիթներ կլինեն, սակայն այսօր շատ ավելի կարևոր է խոսել այսօրվա և ապագայի մասին: Ըստ նրա՝ այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, եւ եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարեւոր նպատակ է Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան եւ անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը:

«Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաև անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարևոր հարց է բոլորիս համար, և այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, եւ մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից: Դա կախված է ոչ միայն մեզանից: Այո, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, եւ մենք անպայմանորեն կգտնենք լուծումներ: Բայց նաեւ այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Հայաստանի կերպարը: Սիրելի ժողովուրդ, մի տրվեք վախի եւ խուճապի: Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը եւ վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին: Այո՝ հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել»,-հավելեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]