Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Մարտ

Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը

Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» 
գրքույկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքույկը ներկայացվեց հանրության դատին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ասաց, որ գրքույկում տեղ են գտել հայկական ԽՍՀ 71 տարվա պատմությունը և այն կարևորագույն դասերը, որտեղից մարդկիկ կհասկանան որոշ խնդիրների իսկությունն ու խորությունը:

«Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն վերջին մի քանի ամսվա ընթացքում այս թեմայով իրականացրել են մի գիտահետազոտական հետազոտություն՝ փորձելով գնահատել Խորհրդային Հայաստանի տեղն ու դերը հայ ժողովրդի պատմական ճակատագրում: Մենք ընդգրկել ենք ոչ միայն եվրասիական փոձագիտական ակումբի անդամներին, այլև իրենց ոլորտներում հեղինակավոր մասնագետների, որոնց կարծիքը կարող է մեծապես օգտակար լինել մեր հասարակությանը՝ այս թեմայի վերաբերյալ գնահատական ունենալու վերաբերյալ: Արդյունքում մենք հրատարակել ենք մի գրքույկ, որը երկկողմանի է՝ ռուսերեն և հայերեն լեզուներով: Այն կոչվում է «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» և նվիրվում է Հայկական ԽՍՀ 100-ամյակին»,- նշեց Սաֆարյանը:

Նա հայտնեց, որ գրքում կան նաև լուսանկարներ, որոնք զուգորդված են հետազոտական տեղեկանքներով: Լուսանկարները տրամադրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Սաֆարյանը մի քանի դիտարկում արեց՝ նշելով, որ Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում կարևոր դեր է ունեցել:

«Մենք կարծում ենք, որ Հայկական ԽՍՀ-ն եղել է ընդհանուր առմամբ բարենպաստ շրջան հայ ժողովրդի համար: Նրա արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, գիտությունը, մշակույթն ու կրթությունը զարգացնելու համար: Որոշ ասպարեզներում, օրինակ՝ մշակույթի և գիտության, հայկական այդ շրջանի զարգացումն, իսկապես, ֆենոմեն է: Երկրորդ դիտարկումն այն է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն այլընտրանք չունի: Մենք պետք է լավ իմանանք վերջին 200 տարվա պատմությունը և հասկանանք, որ այնտեղ, որտեղ հայկական հասարակության շահերը համընկել են ՌԴ շահերի հետ՝ այնտեղ միշտ եղել է հաղթանակ և հաջողություն: Հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունները մեր օրերում նույնպես խորությամբ պետք է զարգացնել և կատարելագործել: Երրորդ դիտարկմամբ կարող եմ ասել՝ մենք կարծում ենք, որ Հայաստանում արդյունաբերության, գյուղատնտեսության, ընդհանուր առմամբ տնտեսության զարգացումը խորհրդային տարիներին, արդյունք է եղել հայ հասարակության և խորհրդային պետության ստրատեգիական շահերի համընկնման»,- նշեց բանախոսը:

Նրա կարծիքով, Հայաստանում միշտ եղել են, կան և միշտ էլ լինելու են բանիմաց ղեկավարներ, լուրջ գիտնականներ, տնտեսության և հասարակության լուրջ կզմակերպիչներ, որոնց պետք է գտնել, առաջ քաշել, և նրանք պետք է առաջ մղեն գիտության, կրթության և տնտեսության զարգացման արդիական նպատակները:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ