Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր

Քրեակատարողական ծառայությունը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի 
շրջանառության դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցչի ապակյա անոթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հայտնաբերվածի կապակցությամբ Ա.Դ.-ն հայտարարել է, որ ցողիչի ջրում լուծված է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իրականում նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար, սակայն շփոթմամբ հանձնել է որպես հանձնուք։ Դատապարտյալի համար նախատեսված ցողիչը սխալմամբ նետել է մինչ հիմնարկ մտնելը:

Հիմնարկի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նետված սրվակը, որի ոչ գործարանային արտաքին տեսքը նույնպես կասկած է առաջացրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք այլ դեպքեր ևս։ Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանձնուքների և դատապարտյալների անձնական զննությամբ հայտնաբերվել են 15,56 գրամ ընդհանուր քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին և 20,36 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 9 փաթեթ, կասկածելի այլ զանգվածներով 2 փաթեթ՝ 0,30 գրամ ընդհանուր քաշով, 100 հատ առանց մակնշման, սպիտակ դեղահաբ, 6 բջջային հեռախոս, 4 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, ականջակալ և բաժանորդային քարտ:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են լվացքի փոշուն խառնած, ջրում չլուծվող սպիտակ, կասկածելի զանգվածներ, ինչպես նաև ներնետված բջջային հեռախոս, Wi-Fi սարք, բջջային հեռախոսի լիցքավորիչ՝ 2 լարով, և ականջակալ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատակցի ձեռքի պայուսակից ռենտգեն սարքի միջոցով հայտնաբերվել են ծալովի շեղբով դանակ, 6 հատ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբ: Մեկ այլ դեպքով հանձնուքում հայտնաբերվել է 6,3 գր քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր զանգված:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային հիմունքներով աշխատողի տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է 7,6 գրամ քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:

Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]