Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Թուրքագետի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի քայլերը

Թուրքագետի կարծիքով՝ ՌԴ-ն չի հանդուրժի ԼՂ տարածքները սիրիացիներով 
բնակեցնելու Թուրքիայի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները սիրիացիներով՝ իրեն հավատարիմ հասարակության շերտով բնակեցնելու մտադրությունը միանշանակ չի ընդունվի ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի կողմից. Ռուսաստանը կամ այն թույլ չի տա ի սկզբանե, կամ հետագայում կդիմի հակաահաբեկչական քայլերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին միջազգային և տեղական մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ է տեղափոխում սիրիացիների:

Թուրքագետը կարծում է , որ տարածվող լուրերը, եթե նույնիսկ չեն բխում իրական փաստերից, այնուամենայնիվ ունեն իրականություն դառնալու շատ լուրջ պոտենցիալ:

Մելքոնյանի կարծիքով հարցը պետք է դիտարկել երկու կարևոր հարթության վրա: «Առաջինն այն է, որ այս պատերազմում թուրքական ակնհայտ մասնակցությունը ենթադրելի էր դարձնում, որ պատերազմից հետո էլ Թուրքիան շարունակելու է իր ակտիվ ներկայացվածությունը պահպանել այս հարցում: Եվ բնական է, որ փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների շարքում անել որոշակի քայլեր: Եվ երկրորդը՝ մենք պետք է  հաշվի առնենք, որ դեմոգրաֆիկ քաղաքականությունը կամ դեմոգրաֆիկ ինժեներիան շատ կարևոր տեղ ունի Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա հենված է պետական ավանդույթի վրա, ունի դարերի պատմություն: Նվաճված տարածքներում Թուրքիան անպայմանորեն անմիջապես սկսում է իրականացնել հետագա սպառնալիքները չեզոքացնելու և թշնամի երկրների համար լրացուցիչ սպառնալիքներ ստեղծելու քաղաքականություն»,-ասաց թուրքագետը:

Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից առաջ Թուրքիան պատմական Հայաստանի տարբեր տարածքներում բնակեցրել էր մուսուլման տարբեր ազգերի, որոնք հետագայում դեր խաղացին Հայոց ցեղասպանության հարցում: Մելքոնյանը շեշտեց, որ  Թուրքիան, Սիրիայում ևս օկուպացնելով որոշ տարածքներ, բնակեցնում է իրեն հավատարիմ բնակչության շերտով, որոնց մեջ կարող են լինել թուրքերի հետ էթնիկ նմանություն ունեցող ազգեր, թուրքոմաններ, ծայրահեղական իսլամական հոսանքների ներկայացուցիչներ: Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում կիրառած ոճը այսօր  հաջողված կերպով կիրառել է Սիրիայի օկուպացված տարածքներում: Մելքոնյանի կարծիքով՝ Թուրքիան այդ նույնը փորձում է անել նաև Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: «Իմ այս վերլուծությունը հիմնված է թուրքական դեմոգրաֆիկ քաղաքականության սկզբունքների վրա, իսկ այդ սկզբունքները թույլ են տալիս պնդել, որ Արցախի օկուպացված տարածքները Թուրքիային հավատարիմ հասարակական շերտով բնակեցնելը շատ իրատեսական է»,-նշեց նա:

Մելքոնյանը վստահ է, որ այդ հավատարիմ հասարակության մի շերտը հենց ահաբեկիչներն են լինելու՝ իրենց ընտանիքներով, որոնք ամեն պահի «խաղաղ բնակչից» կարող են վերածվել ծայրահեղ ահաբեկչի՝ ընդգրկվելով ռազմական կամ ահաբեկչական գործողություններում: «Այսինքն` Թուրքիան, այդ տարածքում այդ բնակչությանը հաստատելով, ըստ էության տեղակայում է բանակի մի յուրահատուկ ստորաբաժանում՝ ի դեմս ահաբեկիչների և նրանց ընտանիքների»,-ասաց թուրքագետը:

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ այդ տարածքներում չեն ուզում բնակեցնել հենց ադրբեջանցիների, Մելքոնյանը պատասխանեց, որ հարցը պետք է դիտարկել Ադրբեջանում առաջիկայում սպասվող հասարակական տարբեր զարգացումների, անհանգստությունների, դժգոհությունների տիրույթում և հասկանալ՝ Ադրբեջանի այդքան թմբկահարած թեման, թե իբր փախստականներն ուզում են րոպե առաջ տեղափոխվել Աղդամ և այլ տարածքներ, արդյոք իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ ադրբեջանական հերթական քարոզչական միֆերից է:

Թուրքագետը նաև նկատեց, որ այդ տարածքները սիրիացիներով բնակեցնելու Թուրքիայի այս մտադրությունները հակընդդեմ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի, Ռուսաստանի շահերին:  «Հումանիստական մոտեցմամբ Ռուսաստանը չպետք է թույլ տա ահաբեկիչներին տեղափոխել այն տարածաշրջան, որն ավելի մոտ է իր պետության սահմաններին: Բայց, եթե հարցը նայում ենք քաղաքական, քաղաքագիտական հարթությունում, ապա այս տարածքում ահաբեկչական բնակչություն ունենալը հնարավորություն է տալու Ռուսաստանին ամեն պահի անել որոշակի քայլեր՝ հակաահաբեկչական պատերազմի դրոշի ներքո, թե այլ: Այնուամենայնիվ, դա Ռուսաստանի համար կլինի հիմնավոր պատրվակ՝ որոշակի քայլեր անելու համար»,-ասաց Մելքոնյանը:

Նա առաջարկեց սպասել զարգացումներին և հասկանալ, թե Ռուսաստանի մոտ որ գերակայությունը կլինի ավելի ազդեցիկ՝ հումանիստակա՞նը, որ ի սկզբանե կանխի ահաբեկիչների տեղափոխումը Արցախի օկուպացված տարածքներ, թե՞ այդ բնակչության տեղափոխումից հետո ավելի լուրջ հիմքեր ստեղծի՝ իր հակընդդեմ քայլերն անելու համար: Այսպիսով, թուրքագետը կարծում է, որ միանշանակ և Ռուսաստանը, և Իրանը այս քայլերը որևէ կերպ չեն կարող ընդունել, և ենթադրում է, որ կախված քաղաքական առաջնահերթություններից, կանեն որոշակի քայլեր կամ հիմա, կամ ընթացքում: «Այնուամենայնիվ, պետք է հստակ ընկալել, որ այս հարցը լինելու է ռուս-թուրքական կամ թուրք-իրանական բախման հանգուցային կետերից մեկը»,-եզրափակեց թուրքագետը:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ