Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

Թուրքերը կորոնեն դաշնակիցների, իսկ երբ ոչինչ չմնա, կհարձակվեն իրենց դաշնակիցների վրա

Թուրքերը կորոնեն դաշնակիցների, իսկ երբ ոչինչ չմնա, կհարձակվեն իրենց 
դաշնակիցների վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքներս էլ մի կարգին չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում: Բազմաթիվ հարցեր մնացին առանց պատասխանի, շատ իրադարձություններ չբացատրվեցին, ասպարեզ նետվեցին բազմաթիվ «ցանկալի» վարկածներ, որ այս կամ այն տարածքը դեռ կարող ենք չհանձնել… Եվ ահա վերջնական պատկերը՝ նոյեմբերի 25-ին հանձնեցինք Քարվաճառը…

Այն, ինչ կատարվել է, չի տեղավորվում արցախահայության՝ սեփական ապագայի պատկերացումներում: Եթե վերհիշենք այդ տարածքի պատմությունը, կարձանագրվի, որ արցախահայությունը վերջին 300 տարում բազմիցս զենք է վերցրել՝ պայքարելու իր ազատության համար, որպեսզի փրկվի թյուրքալեզու ցեղերի ոչնչացման կամ ձուլման քաղաքականությունից:

Մարդիկ դա կարող են չիմանալ, բայց զանգվածային լրատվամիջոցները, որոնք պատասխանատու են ճշգրիտ տեղեկատվության տարածման համար, պարտավոր էին խոսել ճշմարտության մասին: Եթե անգամ կրթություն ստացած, վերապատրաստման մասնակցած, այս կամ այն տարածքի պատմության մեջ մասնագիտացված լրագրողներն էլ, ի մեծ ամոթ իրենց, չգիտեին իրական պատմությունը, պարտավոր էին իրենց ձեռքը վերցնել պատմական աղբյուրները, ուսումնասիրել կատարվածը եւ միայն դրա արդյունքում գնահատականներ հնչեցնել: Որովհետեւ լրագրողների դատողությունները պետք է հիմնված լինեն մարդկային կյանքի, այլ ոչ թե նավթադոլարների վրա:

Արցախյան պատերազմի ընթացքում հաճախ եմ հետեւել համաշխարհային մամուլի հրապարակումներին, նույնիսկ այն հոդվածներում, որոնք չեն բխել հայ ժողովրդի շահերից, փորձել եմ ճշմարտության հատիկ որոնել: Եթե պատմական իրադարձությունները մեկնաբանվեին միանգամայն այլ տեսանկյունից, դեռ կարելի կլիներ հասկանալ, բայց որ սուտ հորինվեր՝ սեփական շահամոլ մոտեցումն արդարացնելու համար… Ու ենթագիտակցորեն չես գտնում մի տեղ այս մոլորակի վրա, որտեղ հնարավոր է ապրել եւ հանգստանալ: Այսպիսի արժեքների «շքերթում» մարդը դուրս է մնացել եւ բռնվելու մի տեղ է որոնում, որպեսզի դուրս չշպրտվի այս մոլորակից, որտեղ «լավագույնն ու ամենահաճելին» նավթի «բույրն» է:

Եվ հիմա հարցը, թե դեպի ուր է գլորվում մեր աշխարհը, ամենայն սրությամբ է ծառանում մարդկության առաջ:

Այն, ինչ կա Արցախում, նրա պատմամշակութային հուշարձանները, որոնք փռված են ողջ երկրամասում, միայն վկայում են, որ 1990-ականների ազգային ազատագրական շարժումը դեռ չէր ավարտել միավորման գործը, այլ կերպ ասած՝ նույն հարկի տակ չէր հավաքել հայալեզու մշակութային հարստությունը: Եվ հիմա այն մատնված է ոչնչացման: Ոչնչացման է դատապարտված Տիգրանակերտ քաղաքը, որն այդպես էլ չհասցրեցինք լիարժեք պեղել: Չկարողացանք պահպանել Տիգրանի քաղաքը: Մեր թշնամուն դա պետք չի, բայց խլել է ուզում այն բանի համար, որ զրկի մեր հոգին ամրությունից: Ոչինչ, որ պատմությունն այլ բան է ասում, ոչինչ, որ իրենք դրանից ոչինչ չեն հասկանում, կարեւորն այն է, որ հայը չունենա այնպիսի մի բան, որը նրան կհիշեցնի իր հզոր անցյալը եւ առավել հզոր ապագայի կառուցման տեսլական կառաջացնի: Եվ այդ նպատակով թուրքն «այս աշխարհի տերերին» մաղարիչ կուղարկի նավթի ու խավիարի տեսքով…

Մինչ հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենք իրենց հարց են տալիս, թե ինչպես է, որ Թուրքիան կանգնեց իր դաշնակցի կողքին, իսկ մենք մենակ մնացինք, ինչպես գրեթե միշտ, շտապենք ասել, որ դա սխալ հարցադրում է: Քանի՞ անգամ պետք է պատժվենք՝ հասկանալու համար, որ «բրիտանական նավերն Արցախի լեռներ չեն բարձրանա», որ անգամ Աստծո նախանձը շարժող հնամենի խնկաբույր քրիստոնեական արժեքները չեն հետաքրքրում քրիստոնյա հզորներին: Նրանցից շատերը դաշն են կնքել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սեփական շահերի համար:

Մեր լեռներում մենք ենք ու մեր լեռները, իսկ դա նշանակում  է՝ աշխարհն այնտեղ փնտրելու ոչինչ չուներ եւ չունի, որովհետեւ մեր կյանքը փող չէ: Հավաքվեք իրար գլխի, միավորվեք ու հասկացեք՝ իրարամերժ խմբերիցդ ոչ մեկին էլ օգնության չեն գալու: Միայն օգտագործելու են, որ միմյանց դեմ լինեք, որ չփակեք ոմանց շահերի ճանապարհը, որովհետեւ ճանապարհը գոնե ձերն է: Ու մինչ շատերը կխոսեն բարեկամությունից՝ ծաղրելով Աստծուն, կրճտացրեք ատամներդ եւ հզորացեք: Կազմեք պարտքի մեծ ցուցակը եւ ուժեղացեք: Ծիծաղեք նրանց երեսին, ովքեր վաղը ստորաքարշությամբ կվազեն ձեր հետեւից՝ հանուն հենց ձեր մտքի, պարտքի ցուցակը շպրտեք նրանց դեմքին ու ձեր միտքը, գաղափարը ծառայեցրեք հայ ժողովրդին: Նրա միակ խնդիրն այն է, որ իր քրիստոնեական պատմության մեջ երբեք չի հարձակվել եւ չի խլել ուրիշի հարստությունը, այլ միայն ձգտել է պաշտպանել իր ունեցածը, հալվելով հասել է մինչեւ մեր օրերը եւ շարունակում է մաշվել, չնայած գրեթե ոչինչ չունի: Անցյալում հարձակվում էին մեր հարստությունը թալանելու, հիմա՝ հայոց ճանապարհները խլելու համար: Ու եթե, Աստված մի արասցե, դա էլ նրանց հաջողվի, կգտնվի մի այլ պատճառ, որպեսզի շարունակեն հարձակվել ու սպանել: Մի օր էլ կասեն, թե Ալլահն ուղեղը նախատեսել է միայն մահմեդականների համար, որ հայերն ուղեղ ունենալու, մտածելու իրավունք չունեն, դա Ադրբեջանի ու Թուրքիայի սրբազան առաքելությունն է այս աշխարհում, նավթաբույր աշխարհում: Գիտեմ՝ անգամ քրիստոնեական աշխարհում ծափահարողների պակաս չի լինի: Եվ մի ծիծաղեք, թուրքն ընդունակ է ամեն ինչի:

Թուրքիան ու Ադրբեջանը քաղաքակիրթ աշխարհում անելիք չունեն: Նրանք կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ բարբարոսությունն ինչ-որ բան որոշելու հնարավորություն կունենա: Երբ այդ երկրներում էլ բարբարոսությունը տեղի տա, ինչին դեմ են նրանց ժամանակակից իշխանությունները, ապա նույն այդ ժողովուրդները կատեն իրենց անցած ճանապարհն ու իրենց էությունը: Եթե բարբարոսությունը տեղի տա ոչ թե խոսքով, այլ գաղափարապես ու իրականում: Իսկ դրան կարելի՞ է հավատալ, եթե թուրքին միայն մի բանում հնարավոր չէ հաղթել՝ ստորության: Դրանում նա անկրկնելի է…

Գուցե թվա, որ թուրքին կրթելով՝ հնարավոր է նրան դարձնել համաշխարհային հանրության լիարժեք անդամ: Եվրոպան մինչ օրս զբաղված էր դրանով, բայց հասավ միայն նրան, որ իր իսկ տարածքները, իր իսկ արժեքները դրեց ոչնչացման վտանգի տակ: Թուրքը կրթվեց, հագավ եվրոպական հագուստ, սակայն նրա ժպիտը մնաց նույնքան թունավոր, որքան դարեր առաջ, երբ հայտնվեց այս տարածաշրջանում ու պատուհաս դարձավ նրա ժողովուրդների գլխին: Հիմա Թուրքիայի նախագահը, պատկերացնո՞ւմ եք, սպառնում է եվրոպական տերությունների ղեկավարներին, որ եթե հանկարծ վերջիններս իրենց իսկ տարածքներում որոշեն պահպանել սեփական արժեքները, սեփական մտածողությունը, չեն կարող ապրել առանց վախի: Եվրոպան որոշել էր արժեւորել կիրթ թուրքերին, իսկ Թուրքիան բազմաթիվ բարբարոսների արտահանեց Հին աշխարհ ու հիմա սպառնում է ոչնչացնել նրանց: Սա ավելին է, քան լկտիությունը, նենգությունը, սակայն հերթական դասն է տալիս: Թուրքին վեր բարձրացնելիս պետք է հիշես, որ հենց նա է կտրելու քո գլուխը:

Ինքը՝ թուրքը գնաց ինքնաբացահայտման ճանապարհով: Այդ երկիրը տարիներ առաջ հայտարարում էր, թե հավատարիմ է միայն այն փիլիսոփայությանը, որ Թուրքիան ոչ մի խնդիր չպետք է ունենա հարեւանների հետ: Եվրոպայում մարդիկ կային՝ այն ժամանակ մատնացույց էին անում «մարդ դարձած» թուրքին: Եվ այդ պայմաններում թվում էր, թե իմաստնության կոչ անողները ելնում են սոսկ իրենց ազգային հիշողությունից ու չեն տեսնում առաջընթացը, որն արձանագրում է Թուրքիան: Վերջինս իրեն հավատացող զբոսաշրջիկներից քամեց նրանց գումարները, զենք կուտակեց, իսկ հիմա դրսեւորում է մարդկության հանդեպ իր ատելության չափը: Ներխուժել է Սիրիա, Լիբիա, Հարավային Կովկաս, սպառնում է Կիպրոսին, Հունաստանին, Ֆրանսիային, մարտահրավեր է նետում Ռուսաստանին, քաղաքակիրթ ողջ հանրությանը: «Կիրթ» անվանված թուրքը մտել է Եվրոպա եւ փորձում է նրա կյանքը վերածել գեհենի: Դա հասկացել են ոչ միայն Ֆրանսիայում ու Ավստրիայում, որոնք հրապարակայնորեն հայտարարեցին ավանդական արժեհամակարգին հավատարիմ մնալու իրենց ձգտման մասին, այլեւ Գերմանիայում… Մյուսներն էլ շուտով կզարթնեն: Դա կանի նույնիսկ Մեծ Բրիտանիան, որն այս ամենի մեջ պատասխանատվության իր բաժինն ունի եւ մի օր ստիպված է լինելու ներողություն խնդրել նավթահոտ գարշանքի տարածման համար:

Քանի դեռ այս աշխարհում նվաճելու բան կա, թուրքը չի փոխվելու: Այդ ճանապարհին նա կորոնի դաշնակիցներ, իսկ երբ ոչինչ չի մնա, կհարձակվի իր դաշնակիցների վրա:

Ալեքսանդր Մակեդոնացին մնաց պատմության մեջ ոչ թե իր նվաճումների, այլ նրա համար, որ հելլենիզմը բերեց Արեւելք: Թուրքերը 1453 թ. գրավեցին Կոստանդնուպոլիսը, դարձրեցին այն Ստամբուլ, բայց մինչ օրս տարածելու բան չեն ունեցել, զբաղվել են միայն կործանմամբ, մշակութային գողությամբ ու թալանով: Արեւելքը դուրս է շպրտվել զարգացման ուղեծրից եւ այսօր պետք է պատասխանի, թե որ ժողովուրդները կարող են այս տարածաշրջանում զբաղվել մշակույթի զարգացմամբ ու տարածմամբ եւ խաղաղության երաշխավորմամբ: Քանի դեռ նավթահոտը չի տիրել աշխարհը եւ չի քրքջացել աշխարհի վրա: Իսկ եթե այս իրավիճակում այլ հեռանկար եք պատկերացնում, հիշեք Ալիեւի ու նրա ահաբեկիչների ծիծաղը…

       

                Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ