Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Փաշինյանը և Մուշիկիվաբոն կարևորել են Արցախի՝ Բաքվին անցած տարածքում հայկական ժառանգության պահպանումը

Փաշինյանը և Մուշիկիվաբոն կարևորել են Արցախի՝ Բաքվին անցած տարածքում 
հայկական ժառանգության պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել Լուիզ Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց ներկայությունը Ադրբեջանում այսօր լուրջ սպառնալիք է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար:  

Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին համավարակի պայմաններում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կայուն գործունեությունն ապահովելու համար: Նա ափսոսանքով նշել է Հայաստանի նախագահության ընթացքում հյուրընկալման համար նախատեսված որոշ միջոցառումների համավարակի պատճառով չեղարկման հանգամանքը:

Լուիզ Մուշիկիվաբոն իր զորակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին, կարևորել է Հայաստանի դերը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և հավաստիացրել, որ կգործադրի ամեն ջանք ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամրապնդելու համար: Նա իր երկրի՝ Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ