Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Ոստիկանությունը բացահայտել է 19-ամյա երիտասարդի սպանության մանրամասները

Ոստիկանությունը բացահայտել է 19-ամյա երիտասարդի սպանության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ոստիկանությունը բացահայտել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի սպանությունը, ձերբակալել կասկածյալին:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նոյեմբերի 11-ին ժամը 16.35-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը հասարակական հնչողություն է ստացել: Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք են հայտնել, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում է արել սոցկայքի իր էջում։

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվել է:

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ, որը խոստովանել է, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։ Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն է կատարել նրա  հարազատի  նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։ Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել է երիտասարդին։

Հանցագործության գործիք  որսորդական հրացանը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և ժամանակից առաջ ընկնելով՝ սխալ եզրահանգումներ չանել, ինչը կարող է իրավիճակի սրման և ատելության մթնոլորտի պատճառ դառնալ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ