Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիային կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիային կոչ է արել ճանաչել Արցախի 
Հանրապետությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ճանաչման վերաբերյալ, որով Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:

Մարսելի քաղաքային խորհրդում բանաձևը ներկայացվել է Միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետի առաջարկով:

«Մինչդեռ ողջ աշխարհում աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամ է, սեպտեմբերի 27-ից մենք ականատեսն ենք թուրքական զինված ուժերի և սիրիական օժանդակների աջակցությունը վայելող ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի և նրա հայ բնակչության դեմ, որին վերջ դրվեց նոյեմբերի 9-ին կնքված և հայ ժողովրդի մեծամասնության կողմից չընդունվող հրադադարի համաձայնագրով: Պատմական Հայաստանի արևելյան մասում գտնվող այս հողատարածքը միշտ բնակեցված է եղել հայ ժողովրդով: Հայերի ազատագրման կամքը կոտրելու նպատակով ԽՍՀՄ-ը 1921 թ.-ին հանդես եկավ տարածքը Ադրբեջանին կցելու ցինիկ նախաձեռնությամբ: 1988-ից ԽՍՀՄ-ի խարխլումը մղեց դաշնային հանրապետություններին հռչակել իրենց անկախությունները»,- ասված է բանաձևում:

Քաղաքային խորհուրդը նշել է, որ հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որին դարեր շարունակ նրա բնակիչներն անվանում են Արցախ, հռչակեց իրեն որպես անկախ Հանրապետություն, իսկ դրան հաջորդեց այն, որ Ադրբեջանն անխնա պատերազմ սկսեց ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքի դեմ, որից սակայն պարտված դուրս եկավ:

«Միջազգային հարթակում ստեղծվեց Մինսկի խումբը, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ փորձելու գտնել խաղաղ լուծում՝ ցավոք ապարդյուն։ 2016-ի, ինչպես նաև 2020թ հուլիսի հարձակումներից հետո մենք ականատեսն ենք Ադրբեջանի զինված ուժերի նոր ագրեսիայի, որի թիրախ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը և պատմական ժառանգությունը: Ապավինելով Էրդողանի կառավարության անսասան աջակցությանը, Ադրբեջանը մեզ ստիպում է տեսնել, որ «1915-ի ոգին», որով կազմակերպեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, դեռ շարունակում է գործել: Բազում վկայություններ կան միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին. անխտիր թիրախավորվել են ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը՝ լայնորեն գործածելով արգելված զենքեր, ներառյալ կլաստերային զինամթերք: Մենք չենք կարող ընդունել պատերազմական այս հանցագործությունները»,- նշված է Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևում:

Քաղաքային խորհրդի անդամներն ընդգծում են, որ Ֆրանսիայի բարոյական պարտքն է անվերապահ դատապարտել այս ռազմական ագրեսիան:

«Մարդկային և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ Մարսելը միշտ կապված է եղել թե Ֆրանսիայի և թե ողջ աշխարհի հայերի հետ: Բարբարոսության առջև նրանք միշտ կանգնած են եղել իրենց համաքաղաքացիների կողքին: Ֆրանսիան և միջազգային հանրությունը պետք է համախմբվեն Արցախի Հանրապետության ճանաչման համար, որպեսզի վերջապես հաստատվի կայուն խաղաղություն և ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության պաշտպանությունը: Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից վերջերս ստորագրված հրադադարից անդին, մենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ ենք անում շարունակել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և գտնել տևական լուծում, որպեսզի Արցախը շարունակի մնալ հայկական»,- հայտնել են խորհրդի անդամները, նշելով, որ սրանք են այն պատճառները, որոնք մղում են քաղաքային խորհրդին առաջարկել ընդունել բանաձևը:

Մարսելի քաղաքային խորհրդի անդամները Ֆրանսիային կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը:

«Այս ճանաչումը կոչված է լինել նրա բնակչության անվտանգության ու տարածաշրջանային կայունության գրավականը և կդառնա խաղաղության վերջնական համապարփակ համաձայնագրի մի մասը, որի երաշխավորներից մեկը կլինի մեր երկիրը»,- նշված է բանաձևում:

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]