Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԽՄԿ-ին տրամադրվել է զոհված զինծառայողների աճյունների և անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի քարտեզ

ԿԽՄԿ-ին տրամադրվել է զոհված զինծառայողների աճյունների և անհայտ կորած 
անձանց գտնվելու վայրերի քարտեզ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Բալայանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և Կարմիր խաչի միջազգային կոմիետի պատվիրակության ներգրավմամբ՝  սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորված անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Հայկական կողմը ԿԽՄԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է հատուկ մշակված քարտեզ` զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհայտ կորած անձանց գտնվելու վայրերի հստակ տեղանշումներով, որն ամենօրյա թարմացված ռեժիմով տրամադրվելու է ԿԽՄԿ պատվիրակությանը` որոնողական աշխատանքների առավել օպերատիվ իրականացման նպատակով:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների մեկնարկի կարևորությունը:

Իր հերթին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, կշարունակի իր միջնորդական մարդասիրական առաքելությունը վերը նշված գործընթացի իրականացման ուղղությամբ:

Հայկական կողմը ևս մեկ անգամ կոչ է արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Բաքվում իր պատվիրակության միջոցով ու իր իրավազորությունների շրջանակներում, առավել համոզիչ կերպով բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ` զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման աշխատանքների իրականացման, անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և վերջիններիս կանոնավոր այցելությունների կազմակերպման ուղղությամբ:

Կարևորվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և հայկական կողմի համատեղ աշխատանքների ներդաշնակեցման ապահովումը:

Օգտվելով առիթից՝ Գաբրիել Բալայանը ողջունել է շուրջ մեկ ամսից պատվիրակության ղեկավարի պարտականությունները ստանձնող Թիերի Ռիբոյին՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]