Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Ջո Բայդենի օրոք

Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Ջո Բայդենի օրոք

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ  տարավ դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը՝ դառնալով երկրի 46-րդ և ամենատարեց նախագահը։

ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն այս տարի ընթացավ բավականին դանդաղ: Դրա հիմնական պատճառն այն էր, որ, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, շուրջ 100 մլն ամերիկացիներ քվեարկել են նախապես նրանցից 65 միլիոնը քվեարկել է փոստային տարբերակով, իսկ 35 միլիոնը՝ ընտրատեղամասերում: Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքների ամփոփումը անցնում էր բավականին լարված պայքարի մթնոլորտում՝ կապված «առանցքային տատանվող» նահանգներում   արդյունքների անորոշությամբ և անկանխատեսելիությամբ։  

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները և դիմելու է Գերագույն դատարան՝ պահանջելով որոշ նահանգներում  ձայների վերահաշվարկ իրականացնել։ Հիշեցնենք, որ մինչև նոր նախագահի պաշտոնը զբաղեցնելը (2021թ․ հունվարի 20-ին անցկացվելիք երդմնակալության օրը), ԱՄՆ նախագահի պաշտոնը շարունակելու է զբաղեցնել Դոնալդ Թրամփը:

Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ ԱՄՆ-ում անցկացվել են նաև օրենսդիր մարմինների (Սենատի մեկ երրորդի, Ներկայացուցիչների պալատի  (արդյունքները դեռ վերջնական ամփոփված չեն)), նահանգային մարմինների ընտրություններ, հանրաքվեներ: Օրենսդիր մարմնի ընտրությունները բավականին կարևոր են՝ ելնելով այն փաստից, որ, առանց Սենատի և Ներկայացուցիչների պալատի աջակցության, նախագահի՝ առանցքային հարցերի շուրջ վարվող քաղաքականությունը խիստ սահմանափակ է:

ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեգծերը  Բայդենի  նախագահության շրջանում

Ընդունված է համարել, որ, անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություններ տեղի չեն ունենում, քանզի նախագահի լիազորությունները բավական սահմանափակ են:  Այնուամենայնիվ, Բայդենի՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումները և ծրագրերը միջազգային հարաբերությունների առանցքային հարցերի, ինչպես նաև որոշ դերակատարների հետ հարաբերությունների վերաբերյալ բավական տարբերվում են Թրամփի վարած քաղաքականությունից, ինչը որոշակի փոփոխություններ է ենթադրում։

Հատկանշական է, որ ԱՄՆ նորընտիր նախագահն արտաքին քաղաքականության մեջ կարևորում է բազմակողմ հարաբերությունների  և համագործակցության սկզբունքը։  Եթե Թրամփը վարում էր «Ամերիկան առաջինը» քաղաքականություն, որն աչքի էր ընկնում ԱՄՆ-ը տարբեր միջազգային պայմանագրերից դուրս բերելով և, կարծես թե, որոշ առումով նրան մեկուսացնելով, ապա Բայդենի պարագայում ականատես կլինենք  համագործակցության սկզբունքի վրա հիմնված արտաքին քաղաքականության։

Եթե 2017թ Թրամփը ԱՄՆ-ին դուրս բերեց «Կլիմայի մասին» Փարիզյան համաձայնագրից՝ այն պատճառաբանությամբ, որ գլոբալ տաքացման դեմ պայքարը մեծ բեռ է դարձել տնտեսության համար, ապա Բայդենը հայտարարել է, որ նախագահ դառնալու պարագայում հենց հաջորդ օրն էլ ԱՄՆ-ը կմիանա Փարիզյան համաձայնագրին: Տարբեր են մոտեցումները նաև Իրանի հետ հարաբերությունները կառուցելու տեսանկյունից: Թրամփը 2018թ-ին դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից, սահմանեց նոր պատժամիջոցներ և տնտեսական ճնշումներ վերջինիս նկատմամբ, սակայն, Իրանի կողմից միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները կատարելու դեպքում, Բայդենը պատրաստ է կրկին միանալ համաձայնագրին: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Բայդենը ՌԴ-ին համարում է հակառակորդ, սակայն պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման պայմանագրերի շրջանակում: 

Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները աչքի են ընկել լարվածությամբ՝ պայմանավորված առևտրային պատերազմով, իսկ վերջին շրջանում նաև Թրամփի կողմից կորոնավիրուսի տարածման համար Չինաստանին ուղղված մեղադրանքներով: Բայդենը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը: Բայդենը համոզված է, որ Չինաստանից եկող սպառնալիքները հնարավոր է չեզոքացնել միայն նրա հետ համագործակցության և միջազգային կառույցներում Չինաստանի ներգրավման միջոցով։ 

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ հարաբերություններին, ապա, ի տարբերություն Թրամփի, ում կառավարման տարիներին ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում լարվածությունը մեծացել էր՝ կապված մի շարք պայմանագրերից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալով, առևտրային պատերազմով, ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի շուրջ տարաձայնություններով, ապա Բայդենը, լինելով բազմակողմ համագործակցության (multiluteralism) կողմնակից, փորձելու է սերտացնել հարաբերությունները եվրոպական երկրների հետ։

Հայ֊-ամերիկյան հարաբերություններ

Թրամփի նախագահության նախորդ 4 տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակել են իրենց բնականոն հունով ընթանալ՝ չկրելով զգալի փոփոխություններ։ 

Իսկ ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն արդեն նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարման շրջանում, ապա հնարավոր է որոշակիորեն ակնկալել երկու երկրների միջև համագործակցության առավել խորացում։ Մի կողմից, պատմությունը  ցույց է տվել, որ առհասարակ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները  դինամիկ զարգացում են ունեցել հենց դեմոկրատական վարչակազմերի կառավարման շրջանում։ Մյուս կողմից, Ջո Բայդենը բազմիցս հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով, նախաձեռնություններով ինչպես վերջին շրջանի նախընտրական քարոզչության, այնպես էլ դեռևս կոնգրեսական լինելու տարիներին։  Վերոնշյալ գործոնները ստեղծում են լավ հիմք երկկողմ հարաբերությունների  դինամիկ զարգացման համար։ Ուստի, հաշվի առնելով այս ամենը՝ հայկական կողմը ևս պետք է ավելի նախաձեռնողական և հետևողական աշխատանք իրականացնի  ԱՄՆ նոր վարչակազմի հետ։ 

Այսպիսով, այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններն ընթացան բավականին անկանխատեսելի և լարված պայքարի մթնոլորտում։ Արդյունքները արդեն ամփոփված են, սակայն չի բացառվում, որ երկրի որոշ նահանգներում կիրականացվի ձայների վերահաշվարկ։ Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, ապա կարելի է ենթադրել, որ նախագահական ընտրությունների արդյունքում երկրի իշխանությունը ստանձնած դեմոկրատական վարչակազմը իր արտաքին քաղաքականությունը կկառուցի միջազգային  տարբեր դերակատարների հետ բազմակողմ համագործակցության միջոցով։


Աննա Չիչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]