Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղավ մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում էր երեք ուժի դեմ. Փաշինյանը պատերազմը դադարեցնելու մասին

Եղավ մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում էր երեք ուժի դեմ. Փաշինյանը 
պատերազմը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից առաջ դրանից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ՝  անդրադառնալով  պատերազմը դադարեցնելու համաձայնությանը:

«Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, բանակցային գործընթացում այդ իրավիճակը այնքան երկար էր ձգվել… Բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Սա բանակցային գործընթացի միակ ձևակերպումն է եղել, և 1994 թվականից սկսած բոլոր հնարավոր բանակցություններում այդ դրույթը առկա է եղել: Մնացած որևէ բան որոշակի չի եղել: Օրինակ, գրված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, որի շուրջ եղել է քննարկում 25 տարի: Շատ լավ, բայց դա ի՞նչ է նշանակում: Ադրբեջանն էլ ասել է, շատ լավ, քանի որ կա տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության շրջանակում պետք է կատարվի: Այս ընթացքում եղել են բանաձևեր, հայկական կողմը ասել է՝ ես համաձայն չեմ, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել: Բանակցությունների 25 տարվա ընթացքում չենք կարողացել այս թեզը ճշգրտել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական և ռազմական կարողություններ է ձեռք բերել, քայլ-քայլ.… ըստ էության Ղարաբաղին դուրս են մղել բանակցություններից: Նա ընդգծեց, որ բանակցային գործընթացում կոնկրետ, շոշափելի եղել է մի բան, տարածքները հանձնվեն Ադրբեջանին:

«Սեղանին դրված բանակցային փաստաթղթերը սկսել են հետևյալով՝ յոթ շրջանների վերադարձն Ադրբեջանին: Եվ մենք անընդհատ այս բազայի վրա ենք հիմնվել: Կարգավիճակի թեզը չենք կարողացել դարձնել մեկնաբանելի: Արցախի կարգավիճակի մասին նշումը դարձել է տարածական: Միակ բանը, որը չի վիճարկվել, ու եղել է առարկայական՝ տարածքների հանձնում է: Մենք բանակցային գործընթացը ժառանգել ենք մի կետում, երբ այդ դրույթը եղել է առաջնահերթություն: Անընդհատ խուսանավելով, այս կողմ այն կողմ տանելով, հայկական կողմն այդ հարցը հետաձգել է: Բանակցություններում հստակ դրված գործը կարելի է ձգձգել 10, 15, 20 տարի, բայց ի վերջո, գալիս է պահը, երբ ձևավորվում է մի իրավիճակ, որ միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ տարածական է, և մենք սեղանին ունենք մի կոնկրետ հարց՝ տարածքի հանձնում: Նշվում է՝ եկեք դա լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին: 2018 թվականից առաջ, 2016 թվականին սա արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր: Այդ պատերազմը սկսվեց, կանգ առավ ինչ պայմանով, հենց այդ պայմանով: Այդ փորձը արդեն այլևս թույլ չէր տալիս, որ պատերազմը սկսվեր ու կանգներ այն պայմանով, թե տեսնենք ինչքան կձգենք: Ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, պատերազմից առաջ փորձել են բանակցային տրամաբանությունը փոխել, չհանձնվել և Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակի ճշգրտումը հասցնել որոշակիության: Այս պայքարն է, որ բերել է ի վերջո պատերազմի:

«Մենք գիտեինք, որ պատերազմ է սպասվում և պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմի: 2020 թվականի հուլիսը ցույց տվեց, որ մեր զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին: Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով չի կարող հաջողություն ունենալ: Տեղի ունեցավ այն ինչի մասին խոսվել է: Թուրքիան ներգրավվելով այս գործում, վարձկաների բերելով, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ հայկական բանակը կռվում է մի անգամից երեք ուժի դեմ: Մեր բանակը կռվեց հերոսաբար, զինվորները կռվեցին անձնուրաց, հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք եկանք մի կետի, երբ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ այս խնդիրը րոպե առաջ պետք է լուծել, նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեին շատ ավելի ծանր: Այս տանջալի իրավիճակում կայացվել է այդ որոշումը»,-հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]