Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմը դադարեցնելու հայտարարությանը և դրանից հետո Երևանում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմը դադարեցնելու հայտարարությանը և դրանից հետո Երևանում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարությանը, ինչպես նաև այդ հայտարարության հրապարակումից հետո Երևանում ստեղծված իրավիճակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կցանկանար տեղի ունեցածի մասին խոսել մանրամասն, սակայն հավելեց, որ հիմա դա անել չի կարող։ «Հիմա ռազմական գործողությունների դադարեցումը պրոցեսի մեջ է, և, եթե ես հիմա ասեմ ինչ-որ բաներ, ուղղակի կարող եմ վտանգել մարդկանց։ Իհարկե, եթե ասեմ ինչ-որ բաներ, կարծում եմ, շատերին շատ բան պարզ կլինի, բայց ես ուղղակի չեմ կարող հիմա դա ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում և այն մարդկանց գնահատականների և նրանց լսելու արդյունքում, ովքեր ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։ «Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի և Ադրբեջանի դեմ։ Եվ ինչո՞ւ չենք կարողացել մենք այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա․ 25 տարի սեղանների շուրջ որոշ մարդիկ խմել են մեր բանակի կենացը, և այդ սեղաններին դրված գինին, հացը, օղին գնված է եղել գողացված փողով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով, և մեր հույսն այն է եղել, որ գիտեք ինչ՝ դե բանակցային գործընթացում «կռուտիտ կլինենք»։ Բայց ինչքան կարելի է «կռուտիտ լինել»։ Դրա վերջը ի վերջո գալիս է։ Եվ մենք այդ վերջի մասին չենք մտածել։ Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ գլորվում ենք դեպի այս օրը։

Նա հավելեց, որ ինքն իմացել է դա, որովհետև առաջին օրից տեղեկացել է բանակցային բովանդակությանը։ «Ընդ որում, բանակցային գործընթացին տեղեկացել եմ մի վիճակում, որտեղ «կռուտիտ լինելու» բոլոր ռեսուրսները այլևս սպառված են։ Իմիջայլոց, այսօրվա այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան։ Ես ի՞նչ եմ արել, ոչ թե գնացել և այդ բանակցային ժառանգությունը վերցրել և ասել եմ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ ես փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար ինչ հնարավոր էր անել 2․5 տարում։ Եվ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։ Ես էլի եմ ասում՝ ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների, ծնկի եմ գալիս նրանց մայրերի, հայրերի, քույրերի, եղբայրների, կանաց, զավակների առաջ։ Ես նաև նրանցից ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել իրենց գործը պատշաճ մակարդակով շարունակել։ Բայց մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, ոչ միայն այսօրվա, այլ նաև հնարավոր շարունակության»,- մանրամասնեց Փաշինյանը։

Անդրադառնալով պատերազմի դադարեցման մասին հայտարարության հրապարակումից հետո Երևանում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց․ «Մի ընդդմիադիր քաղաքական գործիչ կա, որը նաև իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը դիրքերը թողել է, փախել՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է «մենք մեր բանակի կողքը կանգնած ենք»։ «Բա ինչո՞ւ էր փախել։ Ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաև այդպիսի մարդիկ։ Գիտեմ, որ կան շատ մարդիկ, ում մտադրություններն ազնիվ և արդար են, գիտեմ, որ կան նաև մեր զոհված եղբայրների հարազատները, ես ասել եմ և ասում եմ, որ ծնկի եմ իջնում այդ մարդկանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օլիգարխների հանցավոր խմբեր։ Դա այն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, այսօր եկել ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Բա այդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երևանում։ Արցախի նախագահի կոչերը չե՞ն լսել, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել։ Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ Երևանում կամուֆլյաժով։ Հիմա նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Այսօր գիտեք ինչո՞ւ են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա, բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում։ Իմ կինը դիրքերում է, և ես հպարտ եմ դրա համար։ Բայց ես հասկանում եմ, որ պետք է բովանդակային և մանրամասն բացատրություններ տամ։ Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ, բայց ինչո՞ւ չեմ տալիս։ Ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա։ Ռազմական և պատերազմական դրության պայմաններում ամեն ձևակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։ Այդ դիսոնանսի պատճառը նաև դա է, և մենք դա հասկանում ենք և հասկացել ենք, բայց դուք էլ պետք է հասկանաք, որովհետև ֆեյսբուքյան գրառումները, թե ամեն մարդ նախադասությունները ոնց է ձևակերպում, շատ արագ հասնում է առաջին գիծ և շատ արագ թշնամուն է հասնում։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ»,- ասաց Փաշինյանը։

Նա  բոլոր քաղաքացիներին խնդրեց տուրք չտալ ջարդարարների խմբին, որովհետև արդեն իմացել է, թե այնտեղ ովքեր են, կան հայտնի կուսակցական շրջանակներ։ «Այդ կուսակցական շրջանակներից մարդ կա, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, որը պետք է այս տարիներին վճարվեր բյուջե, առնվազն՝ դրա 60 տոկոսը կամ կեսը, քանի որ մնացածը տույժ-տուգանքներ են․ այդ գումարը պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ և այսպես շարունակ։ Այդ մարդիկ այսօր դեբոշ են անում իրենց թալանի իրավունքը վերգտնելու համար»,- ասաց նա։

Վարչապետը հայտարարեց՝ ընդունում է, որ կառավարությունը 2 տարվա ընթացքում չի արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է աներ, որովհետև փորձել են ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ Նրա խոսքով՝ 25 տարի Հայաստանում օրենքները գրվել են այնպես, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիան և կոռուպցիոն համակարգը։ «Սա է ճշմարտությունը, և ես կրկին ուզում եմ ասել՝ ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին խոսել։ Չեմ կարող, որովհետև իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ։ Շատ կարևոր է, որ մենք այնպես անենք, որ վնաս չտանք։ Ես հասկանում եմ էմոցիաները, դրանք պետք է արտահայտվեն, պետք է դուրս գան, բայց այս խոսակցությունը մանրամասն անելու ժամանակ դեռ կունենանք, և ոչ մի պատասխանատու չի փախչի պատասխանատվությունից։ Այդ թվում ես, եթե պատասխանատու եմ, պատասխանատվությունից չեմ փախչի, բնականաբար։ Ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում չտրվել սադրանքների»,- ասաց նա։

Փաշինյանը հավաստիացրեց, որ ինքը, կառավարությունը հնարավոր ամեն ինչ արել են, որ  այսպիսի արդյունքի չհանգենք։ «Ինչո՞ւ դա չի ստացվել, հենց դա է ամենակարևոր խնդիրը, և հենց դրա մասին է, որ պետք է տեղի ունենա մանրամասն խոսակցություն, որպեսզի ամբողջ կոնտեքստը պարզվի և պարզաբանվի։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում են, շնորհակալ եմ նրանց, ովքեր չեն հավատում, բայց ես ընդամենը մի ակնկալիք ունեմ, որ նրանք կլսեն և հետևություններ կանեն դրա արդյունքում։ Այսօրվա հանցագործությունների բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պխատասխանատվության, սրանում չկասկածեք։ Չկասկածեք, որ այս ընթացքում որևէ վայրկյան, որևէ ակնթարթ որևէ գործողություն արվել է ի հակադրություն ձեր նկատմամբ իմ ունեցած ծառայական պարտավորությունների։ Խնդրում եմ մի վայրկյան անգամ չկասկածեք, ես դա, իհարկե, կապացուցեմ, մնացածը դուք կորոշեք՝ ապացուցեցի, թե չապացուցեցի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]