ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ են հավաքվում. ԼՐԱՑՎՈՂ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի առջև մարդիկ են հավաքվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթի ստորագրման մասին հայտարարելուց հետո։
Հանրապետության հրապարակում ավտոմեքենաներն անցնում են ազդանշաններով։ Կառավարության շենքի առջև իրավիճակը թեժանում է։
Մի քանի տասնյակ մարդ մտել է կառավարության շենք։ Ոստիկանության ծառայողները համոզում են մարդկանց դուրս գալ շենքից։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցների ու հավաքվածների միջև պահպանվում է փոխադարձ հարգանքը։
Վարչապետը նշել էր, որ կայացրած որոշումը չափազանց ծանր է իր համար և որ որոշումը կայացրել է ռազմական դրությունը խորը վերլուծելու և իրադրությանն ամենալավը տիրապետող անձանց գնահատականի արդյունքում։
Կառավարության առջև հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնում որոշման հետ` չնայած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության տեքստը դեռ չի հրապարակվել։
ԼՐԱՑՈՒՄ- Արմենպրեսի թղթակիցը հաղորդում է, որ կառավարական ամառանոցների մոտ ևս մարդիկ են հավաքված։ Ոստիկանության ծառայողների և հավաքվածների միջև իրավիճակը հանգիստ է։
ԼՐԱՑՈՒՄ- Քաղաքացիները հավաքվել են նաև Ազգային ժողովի շենքի մոտ։ Կրկին մի քանի տասնյակ մարդ մտել է խորհրդարանի շենք` հասել մինչև նիստերի դահլիճ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում