Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուռ ակցիաներից ու ավտոերթերից մինչև սոցցանցերում ակցիաներ․ ինչ է պատմում բելգիահայ ակտիվիստը

Լուռ ակցիաներից ու ավտոերթերից մինչև սոցցանցերում ակցիաներ․ ինչ է պատմում 
բելգիահայ ակտիվիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում լուռ ակցիայի կազմակերպիչ, ակտիվիստ Մարիա Հակոբջանյանը, որն այս օրերին Երևանում է, փորձում է ակտիվ գործունեություն ծավալել, օգնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխվածներին, ինչպես նաև տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբջանյանը պատմեց հաջակցություն Արցախի Բելգիայում իրենց իրականացրած ակցիաների, ընթացքում հանդիպած դժվարությունների և կատարված ու կատարվող այլ աշխատանքների մասին։

«Ես այս պահին Երևանում եմ, այստեղ հանդիպել եմ «Red balloon challenge»-ի կազմակերպիչների հետ և սոցիալական ցանցերում փորձում ենք տարածել այդ ակցիան Բրյուսելում և Բելգիայի մյուս քաղաքներում։ Այստեղ ինձ հետ կապվել են նաև «Boycott Turkey» (Բոյկոտենք թուրքական ապրանքները) ակցիայի մասնակիցները և, քանի որ Բելգիայում այսօր անհնար է բողոքի կամ խաղաղ ցույցեր կազմակերպել, փորձում ենք սոցիալական ցանցերի միջոցով մեր ձայնը բարձրացնել, մեր ասելիքը տեղ հասցնել»,- նշեց բելգիահայ ակտիվիստը։

Երևանում Մարիան նաև օգնում է Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, որոշ հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում։ Նա նշեց, որ օգնել է արցախահայերին գրանցվել քաղաքապետարանում, որպեսզի իրենց գումարները ստանան կամ բուժհաստատություններից իրենց հասանելիք դեղերը ստանան։

«Արդեն 1 ամսից ավելի է, որ մոտ 100 արցախցի Ծաղկաձորում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանին կից գործող հանգստյան տանը, մոտ 30 հոգի էլ նույն համալսարանի Երևանում գտնվող հանրակացարանում։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջ անձնակազմի և ուսանողների հետ արդեն 1 ամսից ավելի է, որ և՛ իրենց անձնական միջոցներով, և՛ համալսարանի բյուջեից օգնություն և աջակցություն են ցուցաբերում արցախահայերին։ Համալսարանի պրոռեկտոր Նարեկ Անտոնյանը նույնպես շատ մեծ աշխատանք է տարել, նա գրեթե ամեն օր Ծաղկաձորում է և փորձում է անել ամեն բան՝ ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար։ Ես էլ այս օրերին եկել եմ և փորձում եմ իմ ներդրումն ունենալ։ Այստեղ փորձում եմ այնպես անել, որպեսզի ապրելու համար հնարավորինս հարմար պայմաններ լինեն։ Կապ եմ հաստատել ՀՕՄ-ի (Հայ օգնության միություն) և ՀՕՖ-ի (հայ օգնության ֆոնդ) հետ, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներում ապրող իմ ընկերների հետ, ովքեր գումարով կամ սարքավորումներով են օգնում։ Իմ ընկերներից մեկը լվացքի մեքենա է նվիրել, մյուսներն էլ գումարներ են փոխանցում»,- ասաց Մարիան։

Անդրադառնալով Բելգիայում իրականացրած իրենց ակցիաներին՝ ասաց, որ այնտեղ առհասարակ շատ դժվար է առանց թույլտվության որևէ ցույց կամ հավաք կազմակերպել, հատկապես համավարակի այս օրերին գրեթե անհնար է։ Կազմակերպած ակցիաներով մասնակիցները փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ ընթացող պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների վրա։ 

«Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, հաջորդ օրը մենք արդեն ժողով էինք անում հայ համայնքի ներկայացուցիչների, կամավորների, մեր ՀԱԵ թեմի հետ միասին։ Որոշում էինք, թե ինչ պետք է անենք, որոնք են լինելու մեր քայլերը։ Սկզբում կազմակերպեցինք լուռ ակցիա, որն առաջինը կազմակերպվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Շատ ազդեցիկ էր։ Այն կազմակերպեցինք Եվրախորհրդարանի դիմաց և տևեց մոտ 1 ժամ։ Երկրորդն էլ արեցինք ավելի մարդաշատ վայրում՝ Բրյուսելի օպերայի շենքի հարևանությամբ գտնվող խանութների մոտ։ Այս անգամ, սակայն զուգահեռ իրականացրինք նաև «արյունոտ լվացք» ակցիան, որը կազմակերպվել էր նաև Տորոնտոյում։ Այդ ընթացքում 100-ից ավելի թռուցիկ բաժանեցինք բելգիացիներին, որոնք հետաքրքված էին մեր երկրում կատարվածով»,- ասաց ակտիվիստը և  պատմեց, որ ակցիաներից մեկի ժամանակ իրենց թուրքեր են մոտեցել՝ փորձելով հարձակվել տեսանկարահանող տղաների վրա, սակայն, բարեբախտաբար ոստիկանությունն անմիջապես նրանց հեռացրել է տարածքից։

Մարիան նկատեց, որ համավարակի պայմաններից ելնելով՝ մարդկանց կուտակումները, հավաքներն ու ցույցերն ուղղակի անհնար են դարձել Բելգիայում, այդ իսկ պատճառով մենք այժմ մի փոքր այլ ուղղությամբ ենք աշխատում։

«Մեր կամավորների մի մասը պատերազմի առաջին օրերից մինչև այսօր զբաղվում է տարբեր միջազգային կառույցներին, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամավորներին նամակներ գրելով, մյուս մասն էլ հանդիպումներ է ունենում այդ անձանց հետ։ Մեզ համար կարևոր էր նաև լրատվամիջոցների ուշադրությունը սևեռել այս հարցի վրա, որպեսզի լուսաբանվի, սակայն, ցավոք, մենք այդքան էլ նրանց չենք հետաքրքրում»,- ասաց բելգիահայ ակտիվիստը։

Նա ընդգծեց, որ Բրյուսելում կատարված աշխատանքներից մի ահռելի մաս էլ իրականացրել են Արմինե Հարեյանն ու Սոնա Բաղումյանը. նրանք ցույցերին հրավիրել են լրագրողների, փորձելով հնարավորինս շատ տարածել ինֆորմացիան։

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը նաև զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության, ակցիայի մասնակիցներն էլ շարժվել են դեպի ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդարանի գրասենյակներ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]