1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատերազմի խորքում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները. Փաշինյան

Պատերազմի խորքում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի 
ցանկությունները. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խոսել է պատերազմի՝ տարածաշրջանային առումով վտանգավորության մասին:

«Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: «Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար: Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]