Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են

Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. 
մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական ուժերն ու վարձկան ահաբեկիչներն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օրվա ընթացքում հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան` ավելի վաղ, նույնիսկ, քան երբևէ սովորաբար լինում է, Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով: Նախ, հյուսիսային ուղղությամբ, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ: Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել` դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ:

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ: Առաջինը` Մարտունու Ճարտար համայնքի ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, մեր ԶՈւ-ն չի ընկրկել: Այս պահին դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են: Շուշիի մերձակա անտառային մի քանի գյուղերի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ