Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԽՄԿ տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման ջանքերը

ԿԽՄԿ տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի 
կոչման ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերի հետ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն է եղել:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուերին հանգամանալից տեղեկատվություն է հաղորդել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտումների վերաբերյալ:

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ծանոթացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման և դրա հետևանքով պատճառված վնասների, նրանց նկատմամբ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառման, իր իսկ վերահսկողության ներքո հայտնված Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և սպանությունների փաստերին: Նախարարն ընդգծել է, որ մարդու իրավունքները և դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, և այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կրականապես անընդունելի է:

Անդրադարձ կատարելով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող քաղաքականությանը և տարածաշրջանն ահաբեկչության օջախ դարձնելու նկրտումներին՝ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցությունը և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներմուծումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը:

Կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 17-ին և 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում լուծման անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ տնօրենը կարևորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման և զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]