Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

ԱԱԾ-ն անցկացրել է հանդիպում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող բժշկական հաստատությունների հետ

ԱԱԾ-ն անցկացրել է հանդիպում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող 
բժշկական հաստատությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վ. Պետրոսյանը, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Վ. Պետրոսյանն իր շնորհակալական խոսքն է հղել բուժաշխատողներին՝ ռազմական դրության և համավարակի տարածման պայմաններում կազմակերպվող աշխատանքի համար, ինչպես նաև անդրադարձ է կատարել հատկապես զորակոչային տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունների պատշաճ և օրինական իրականացմանը՝ ընդգծելով, որ կեղծ դրական պատասխաններ տալու երևույթը բացառելու նպատակով անհրաժեշտ է սահմանել առավել խիստ հսկողություն,հետևողականորեն վերահսկել ենթակա անձնակազմի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում նախանշվել է նաև այն իրողությունը, որ Ազգային անվտանգության մարմինները տիրապետում են օպերատիվ իրավիճակին և նման օրինախախտումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում պարտադիր կերպով բացահայտվելու են հանցավոր գործընթացի բոլոր մասնակիցները և պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ՝ ասվածին հավելելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և անգամ հանրային հնչեղություն ունեցող նմանատիպ դեպքի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունների մանրամասները:

Աշխատանքային հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև համապատասխան բժշկական հաստատությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կազմակերպել համագործակցված աշխատանք՝ քննարկված օրակարգային հարցի շրջանակներում հնարավոր թերացումներից, բացթողումներից և իրավախախտումներից զերծ մնալու նպատակով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ