Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Մարկարովն Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումների պայմաններում բարդ է համարում կողմերի դիրքորոշումը բալանսավորելը

Մարկարովն Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումների պայմաններում բարդ է 
համարում կողմերի դիրքորոշումը բալանսավորելը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի և Ադրբեջանի դիրքորոշումները բալանսավորելը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը բարդ է համարում, հաշվի առնելով այս հարցում Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները: Այս մասին Մարկարովն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:

«Պուտինի դիրքորոշումը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է հաշվի առնել երկու կողմերի տեսակետները, ինչը բավական բարդ է այն մաքսիմալիստական դիրքորոշումների պատճառով, որն Ադրբեջանը ներկայացնում է: Ադրբեջանը չի տեսնում Ղարաբաղի համար այլ կարգավիճակ, քան դրա լինելն իր կազմում, որը բնականաբար ստեղծում է համապատասխան դիմադրություն Հայաստանի և Ղարաբաղի կողմից, որն իր կարգավիճակը տեսնում է, որպես դե-յուրե անկախ պետություն»,- ասաց Մարկարովը:

Քաղաքագետը նշեց, որ հայկական կողմի և Ադրբեջանի մոտ տարբեր են նաև ԼՂ հարցում բալանսի ընկալումները:

«ՀՀ-ն ու միջազգային հանրությունը համաձայնում են այն դրույթի հետ, որ կարգավորման համար անհրաժեշտ է սկզբում դադարեցնել կրակը, որովհետև ռազմական գործողություններն իմաստազրկում են բանակցային գործընթացը, իսկ այն պահին, երբ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական գործողություններն ընթանում են հօգուտ իրենց, նրանք դրան պատրաստ չեն լինում»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածին, որը վերաբերում էր Թուրքիայի կողմից կարգավորման տարբերակ առաջարկելուն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների և Մինսկի խմբի անդամ մյուս երկրների կողմից համատեղ առաջարկվող տարբերակները քննարկելուն, Մարկարովը նշեց, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում ունի բացահայտ կողմնակալ դիրքորոշում`հօգուտ Ադրբեջանի, իսկ կարգավորման առաջարկ ներկայացնող երկիրը պետք է լինի չեզոք:

«Խոսքն արդեն միայն ՄԽ համանախագահների շրջանակներում քննարկման մասին չէ, առաջին անգամ խոսք եղավ ՄԽ անդամների մասին: Արդյոք սա ինչ-որ իմաստով քայլ է, որը, ներառելով այլ երկրներին, որոնք հանդիսանում են ՄԽ անդամ, բանակցային գործընթացի մեջ, ձայնի իրավունք է տալիս Թուրքիային՝ դրա դիրքորոշումը ևս մեկ անգամ լսելու համար: Միջնորդը, որը պետք է մասնակցի քննարկմանն ու առաջարկ ներկայացնի, պետք է լինի չեզոք, ինչով Թուրքիան բացարձակապես աչքի չի ընկնում: Այստեղ խոսքը ՄԽ համանախագահության ձևաչափի պահպանման մասին է»,- նշեց քաղաքագետը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ