Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ-ն և Արցախը երբեք չեն դիտարկվել, որպես կասետային զինատեսակներ կուտակող երկրներ. Վլադիմիր Վարդանյան

ՀՀ-ն և Արցախը երբեք չեն դիտարկվել, որպես կասետային զինատեսակներ կուտակող երկրներ. Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Արցախը երբեք չեն դիտարկվել, որպես կասետային զինատեսակներ կուտակող երկրներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այդ հանգամանքով պայմանավորված՝ իրեն զարմացրել է Amnesty International-ի հոդվածն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային զինատեսակներ է կիրառել Ադրբեջանի Բարդա քաղաքի ուղղությամբ:

«Ե'վ Հայաստանը, և' Ադրբեջանը չեն մասնակցում կասետային զինատեսակներն արգելելու վերաբերյալ կոնվենցիային, բայց այդ զինատեսակների օգտագործումն արգելված է միջազգային իրավունքով, որովհետև այն իր տեսակով ոչ խտրական զինատեսակ է, հարձակումները հնարավորություն չեն տալիս տարբերակել ռազմական գործողությունների մասնակիցներին քաղաքացիական անձանցից: Այս հիմքերով արգելվում է կասետային զինատեսակների օգտագործումը հատկապես այն տարածքներում, որոնք խիտ բնակեցված են, այնտեղ առկա են քաղաքացիական անձինք կամ բնակչություն: Համապատասխան փաստաթուղթը, որը մոնիտորինգի է ենթարկել կասետային զենքի օգտագործումը տարբեր երկրներում, վկայում է այն մասին, որ Հայաստանը որևէ անգամ չի դիտարկվել, որպես երկիր, որը կուտակել է կասետային զինատեսակներ: Կասետային զինատեսակների արտադրության հետ կապված առաջնային դերակատարություն մեր տարածաշրջանում ունի Թուրքիան, որտեղից Ադրբեջանը ստանում է իր զենքը»,- ասաց Վարդանյանը:

ԱԺ պատգամավորը նշեց, որ հոդվածը հիմնված է Բարդա քաղաքում արված որոշ լուսանկարների վրա, որոնք որևէ բովանդակային տեղեկատվություն չեն հաղորդում:

«Առավել հավանականորեն` սա հերթական առիթ է ադրբեջանական ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից` օգտագործել սա և շարունակել օգտագործել կասետային զինատեսակները Արցախի խաղաղ բնակչության դեմ, ինչի համար Ադրբեջանը բազմիցս ենթարկվել է միջազգային հանրության քննադատությանը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:

Նա հավելեց, որ փորձելու է կապվել կազմակերպության ղեկավարության հետ` հասկանալու, թե ինչ ապացույցներ են ընկած այս հրապարակման հիմքում:

«Գրեթե համոզված եմ, որ չկան ապացույցներ, կան միայն լուսանկարներ, որոնք տրամադրվել են Amnesty International-ի համապատասխան ոչ պարտաճանաչ աշխատակցին հենց ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում: Այդ ինչպե՞ս հայտնվեցին այդ կասետային զինատեսակներն Արցախի բանակի զինանոցում, եթե ո'չ ՀՀ-ն, ո'չ Արցախը, երբեք չեն դիտարկվել, որպես երկրներ, որոնք հավաքել, կուտակել են կասետային զինատեսակներ»,- ասաց պատգամավորը:

Հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը. «Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Խոշոր քաղաքների ուղղությամբ Պաշտպանության բանակը զինատեսակներ է կիրառում միայն թիրախավորելով ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- նշել է Պողոսյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում կասետային ռումբեր է կիրառել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]