Իսրայելում ՀՀ դեսպանը խորհրդակցությունների նպատակով շարունակում է մնալ Երևանում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը շարունակում է մնալ Երևանում այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Արտաքին գործերի նախարարության կողմից հետ էր կանչվել` խորհրդակցությունների նպատակով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին հոկտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Այս պահի դրությամբ դեսպանը շարունակում է մնալ Երևանում, նա չի մեկնել Իսրայել»,- ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ ՀՀ-ն սկզբունքային դիրքորոշում ունի Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առումով:
«Չպետք է զինվի մի պետություն, որը չի խորշում այդ զենքն օգտագործել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դեմ, որին մենք ականատես ենք եղել այս ամբողջ ամսվա ընթացքում»,- ասաց Նաղդալյանը:
Նաղդալյանը հավելեց, որ ունենք մի իրողություն, երբ ցեղասպանություն վերապրած պետությունը (Իսրայելը- խմբ.), ցեղասպանություն վերապրած ժողովուրդն աջակցում է ցեղասպան նկրտումներ դրսևորող ու ահաբեկչություն ֆինանսավորող այլ պետությունների:
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ կիրառում է իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում