Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում. Ռուբեն Սաֆրաստյան

Կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ 
Անկարայում. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Վաշինգտոնում հոկտեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածության օրն իսկ Արցախի ուղղությամբ կրակը կտրուկ ինտենսիվացնելու որոշումն ընդունվել է ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս որոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց այս ագրեսիվ պատերազմը՝ արդեն այս անգամ դեմ գնալով այն առաջարկին, որը հեղինակվել է Վաշինգտոնում»,- ընդգծեց թուրքագետը՝ հույս հայտնելով, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ ճնշումը Թուրքիայի և Ադրբեջանի վրա կտա իր արդյունքը, և նրանք, այսպես ասած, ագրեսիվ պահվածքից կհրաժարվեն։

Պատասխանելով հարցին, թե որն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նպատակն Արցախի դեմ պատերազմում՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը կարծիք հայտնեց, որ Էրդողանի այս քաղաքականության հիմնական թիրախը և՛ Արցախն է, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛, ընդհանրապես, հայ ժողովուրդը։ «Ես կարծում եմ, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա նա կշարունակի ցեղասպանության այն քաղաքականությունը, որի հիմքը դրել էին երիտթուրքերը և հետո շարունակեց Աթաթուրքը։ Էրդողանի համար այս խնդիրն առաջնային ու ամենակարևորն է»,- նշեց նա։

Անդրադառնալով այլ տարածաշրջաններում Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ եթե Լիբիայում զինադադար է, Սիրիայում լարվածությունը պահպանվում է, բայց այստեղ թեժ փուլը չէ՝ որոշ չափով պահպանվում է լարվածությունը թուրք-սիրիական հարաբերություններում, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան շրջաններում։ «Կարծում եմ, որ այս պահին Էրդողանի նպատակն է հնարավոր բոլոր տեղերում, որտեղ ես նշեցի, այնտեղ, որտեղ հնարավորություն կա, շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը»,- եզրափակեց թուրքագետը։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

 

Սամվել Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]