Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին 
ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։

Բաբայանը լիահույս է՝ հոկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած զինադադարի պայմանավորվածությունն ավելի երկար կպահպանվի, քան նախկինում։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր համանախագահող երկրները ներգրավված են այս գործում, իհարկե, Ռուսաստանի դերակատարությունն ընդգծված է։ Լարվածությունը, ռազմական գործողությունները կարող են բերել տարածաշրջանային լայնածավալ բախումների, ինչը կվերածվի գլոբալ առճակատման, այդ իսկ պատճառով բոլորը ներդրել են իրենց ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացը վերսկսելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա կարևորեց, որ երրորդ անգամ հրադադարի հաստատման գործընթացում միջնորդական ջանքեր էր ներդրել ԱՄՆ-ը, և կարգավորման մասին հատուկ շեշտադրում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բաբայանի պնդմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թրամփի նման հայտարարությունը չհարգելը մեծ հարված կլինի ԱՄՆ նախագահին նախագահական ընտրությունների նախաշեմին։  
Խոսելով Արցախում քաղաքացիների տրամադրությունից՝ Բաբայանն ընդգծեց տեղի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ։ «Կա հիասթափություն, որ աշխարհն ակտիվ չէ, միևնույն ժամանակ կա ոգևորվածություն՝ մեր բանակի, մեր ժողովրդի, մեր բարեկամ երկրների պահվածքից»,-նշեց նա։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասին հայտարարեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ 

Մարիամ Ավանեսյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ