Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. քաղաքագետ

Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և 
Թրամփի իմիջին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդ անգամ խախտելով՝ Էրդողանն ու Ալիևը ուղիղ հարված են հասցնում միջնորդող երեք կողմերի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների պատվին: Պողոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի պատվին»,-ասաց քաղաքագետը:

Թուրքիան և Ադրբեջանը հարվածում են հրադադարի համար միջնորդած երեք երկրների ղեկավարների իմիջին՝ ցույց տալով, որ արհամարհում են: Պողոսյանը նկատեց, որ ուղիղ վիրավորանք է. երեք անգամ գնալ, նստել բանակցել և մի քանի րոպե անգամ չպահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Քաղաքագետը չգիտի, թե հակառակորդն այս անգամ ինչպես կարդարանա: «Թե՞ հետո ասելու են՝  իբր մեղավորն իրենք չեն, հրաման են տվել, սիրիացի ահաբեկիչներն էին մեղավոր, թե՞ Թուրքիայի հատուկ ջոկատայիններն Ադրբեջանի հրամանները լավ չեն կարդում կամ թուրքական գլխավոր շտաբի հրամանները Ադրբեջանի զորավարները լավ չեն հասկացել, ի՞նչ են ասելու: Նրանք փորձելու են մեղքը մեր վրա գցել, մենք պետք է կարողանանք ճիշտն ապացուցել և մեր շահերով առաջնորդվելով՝ գնալ առաջ»,-ասաց Պողոսյանը:

Քաղաքագետը շեշտեց բոլոր ուղղություններով աշխատելու կարևորության մասին: «Ամեն ինչ սկսվում է ռազմի դաշտում մեր շահերը պաշտպանելուց, դրան զուգահեռ և դիվանագիտական, և տեղեկատվական, և քաղաքական, և տնտեսական դաշտերում պատերազմները նույն կերպ ընթանում են, և այդ մարտերը պետք է այնտեղ էլ տանել»,-նշեց նա:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։  Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Աննա Գրիգորյան




Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ