Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

Շուրջ 20 հազար ֆրանսահայեր Փարիզում խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում շուրջ 20 հազար ֆրանսահայեր և ֆրանսիացիներ խաղաղ ցույց են անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փարիզում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը:

«Հավաքը կազմակերպել էր Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Հավաքի ընթացքում համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանն անդրադարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնին վիրավորելուն, նշեց, որ ֆրանսահայերն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայի նախագահին: Հավելեց, որ համարում է անթույլատրելի նման վիրավորանքը և կոչ է անում ոչ միայն դատապարտել նման վիրավորանքը, այլև գործի անցնել ու ինչ-որ ձևով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց Ղուկասյանը:

Լրագրողը հավելեց, որ հավաքից հետո մեծ քայլերթ է անցկացվել Փարիզի փողոցներով:

«Մարդիկ Փարիզի փողոցներով, Հայաստանի և Արցախի մեծ դրոշներով, նաև՝ Ֆրանսիայի դրոշներով, քայլեցին դեպի Արտաքին գործերի նախարարություն: Պատերազմի առաջին օրերից Ֆրանսիայի հայությունը ոտքի է կանգնել, միջոցառումներ է անցկացնում, որոնց ամեն անգամ ավելի շատ թվով մարդիկ են մասնակցում: Նրանք միանում են աջակցելու Արցախին ու Հայաստանին: Պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում»,- նշեց Էլլադա Ղուկասյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Նորայր Շողիկյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]