Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տալլինում կայացել է Հայկական սննդի բարեգործական փառատոն՝ ի աջակցություն Արցախի երեխաների

Տալլինում կայացել է Հայկական սննդի բարեգործական փառատոն՝ ի աջակցություն 
Արցախի երեխաների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Kultuurikatel մշակութային կազմակերպության կենտրոնում hոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայկական սննդի առաջին փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը ներառել է տեղի հայկական մի շարք ռեստորանների և հացի փռերի տարբեր ավանդական հայկական ճաշատեսակների ցուցադրություն։

Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ սննդի փառատոնը կազմակերպվել է Էստոնիայի հայ համայնքի կողմից՝ տեղի բնակչությանը հայկական մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաև դրամահավաքի նպատակով, որի ողջ հասույթը տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին:

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական ազգային խոհանոցին, այլև ճաշակելու սիրված կերակրատեսակներ, ինչպիսիք են տոլման, ղափաման, փախլավան, գաթան և այլ ուտեստներ: Հյուրերի շրջանում մեծ ժողովրդականություն են վայելել հայկական քաղցրավենիքները։

Միջոցառման ընթացքում անցկացվել են դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր վարպետության դասեր՝ երեխաների համար և այլ ժամանցային միջոցառումներ, որոնք:

Փառատոնի շրջանակներում խաղարկվել են մրցանակներ, որոնց թվում եղել են բալետի տոմսեր, հայկական գինիներ, գեղեցկության սրահների և այլ աբոնեմենտներ: Հյուրերի զվարճության մեջ ոչ պակաս դեր են խաղացել դիջեյ Դառնոն ու Նորիկ Գրիգորյանը, որոնք հայկական ազգային մոտիվներով ժամանակակից երաժշտությամբ հիանալի տրամադրություն են ստեղծել։

Armenia Food Fest-ում ներկայացված սնունդն ամբողջությամբ սպառվել է, իսկ միջոցառումն ընդհանուր առմամբ 5 ժամում հավաքել է մոտ 6 մլն դրամ: Հասույթի 100%-ը որպես մարդասիրական օգնություն ուղղվելու է այն երեխաներին, որոնք զրկվել են տնից կամ ապրուստի միջոցից Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով։

 

Լուսանկարները՝ Մհեր Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]