Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե

Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում առաջիկա օրերին կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում գրել է «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը:

«Ես լսեցի հարգարժան նախագահի կոչի մասին՝ այն է գործողություններ, որոնց նպատակն է ճանաչել այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախությունը, որը 2000 տարի շարունակ ազատագրվել է հայ ժողովրդի արյամբ և արցունքներով: Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն խաղաղություն սիրող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Կոմիտեն կհանդիսանա նաև մեր օրերի ողբերգության՝ պատերազմի ընթացքում բոլորիս միասնության խորհրդանիշ։ Կոմիտեի նպատակներն են. հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանություն, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ, Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ, Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը), որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրում: Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: Ճանաչե՛նք Արցախը: Դուք մենակ չե՛ք»,- գրել է Բուչեքը:

Թոմաս Լեխ Բուչեքը նշել է, որ մեծ սարսափով է ընդունել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի լուրը:

«Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան ունի իր գինը` բարձր, բայց չափելի: Մենք Լեհաստանում չգիտենք խաղաղություն ամեն գնով հասկացությունը։ Մարդկանց` ազգերի և պետությունների, կյանքում կա միայն մեկ անգին բան, դա պատիվն է»: Սրանք Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոզեֆ Բեկի խոսքերն են, որոնք ասվել են Սեյմում 1939 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս առաջ: Այս խոսքերը, որոնք շատ վաղուց են ասվել, այսօր էլ շատ արդիական են: Մեծ սարսափով ընդունեցի այն լուրը, որն ինձ հասավ սույն թվականի սեպտեմբերի 27-ին, երբ խաղաղ Արցախի Հանրապետությունը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հետո ես մտածեցի իմ ընտանիքի, իմ նախապապի և պապի, և բոլոր նրանց մասին, ովքեր վերապրել են պատերազմի դժոխքը` ցավ, տառապանք և բաժանում»,- նշել է «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակը:

Հոկտեմբերի 4-ին Թոմաս Լեխ Բուչեքը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել, որով առաջարկում է մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ: Ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 72 հազար մարդ:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ