1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանից այս փուլում միակողմանի բացարձակ պրոհայկական դիրքավորման ակնկալիք ունենալն արդարացված չէ և չի բխում ԼՂ հարցում հայկական կողմի շահերից

Ռուսաստանից այս փուլում միակողմանի բացարձակ պրոհայկական դիրքավորման 
ակնկալիք ունենալն արդարացված չէ և չի բխում ԼՂ հարցում հայկական կողմի շահերից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային ընկալումներն ու իրական քաղաքական գործընթացները, հաճախ, տարբեր երևույթներ են։ Այս առումով, հատկանշական են հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան հանրային որոշ շրջանակների հայտարարությունները, որոնք պաշտոնական Մոսկվայից ակնկալում են բացահայտ հայամետություն ու «նեղանում» ռուսաստանյան որոշ փորձագիտական շրջանակների հայտարարություններից։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության վարչապետն իր վերջին ելույթներից մեկում հստակ նշեց, որ Ռուսաստանը ամբողջությամբ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները։ Եվ այդ հայտարարությունը ամբողջությամբ ճշմարիտ է։ Այս «էքսպրես վերլուծությունը» միտված է իրական քաղաքականության երևույթների մեկնաբանմանը, որոնք որոշ շրջանակների հանրային ընկալման մեջ թյուր պատկերացումների են հանգեցնում։

Առաջին դրույթը հետևյալն է. Քաղաքականությունը միշտ ունի երկու երես, երևացող ու չերևացող: Այն, ինչ հրամցվում է հանրությունը միշտ հավելվում է իրական քաղաքական ու դիվանագիտական գործընթացով, որը միշտ չէ, որ պետք է միանգամից քննարկման առարկա դառնա։ Ավելին՝ դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի հստակ դրսևորումները վերջին ամսվա ընթացքում ակնհայտ են։

Երկրորդ։ Ռուսաստանից բացարձակ միակողմանի պրոհայկական բաց քաղաքականություն ակնկալելը, դրա մեր ակնկալիքներին չհամապատասխանող դրսևորումների բացակայությունից հեռուն գնացող հետևություններ անելը հայաստանյան որոշ հանրային շրջանակների «քաղաքական մանկամտության» դրսևորում է։ Մտածողության նման կաղապարի վրա հիմնված դատողություններ զարգացնելու դրսևորումները որևէ հիմնավորում չունեն և իրավիճակի խիստ մակերեսային և վտանգավոր ընկալումների արգասիք են:

Երրորդ։ Հայաստանի համար ստրատեգիական առումով Ռուսաստանի՝ իբրև հավասարակշիռ միջնորդ հանդես գալն այս պահին ավելի կարևոր է, քան եթե նա առաջնորդվեր «կամ-կամ»-ի սկզբունքով ու լիարժեք կանգներ Հայաստանի և Արցախի կողքին այն տրամաբանությամբ, ինչպես դա անում է Թուրքիան Ադրբեջանի դեպքում:

Նախ՝ «արբիտրի» կարգավիճակը շատ ավելի մեծ ճկունություն է հաղորդում հակամարտության հետագա տարածումը թույլ չտալու համար, երկրորդ՝ Ռուսաստանի այսպիսի դերակատարությունն ամենամեծ գրավականն է կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից թելադրվող պայմանները չեզոքացնելու համար: Ինքնին՝ ՌԴ-ի կողմից հակաադրբեջանական դիրքավորումը լիարժեքորեն արդարացնելու էր Թուրքիայի ներգրավումը պրոցեսին: Եվ առավելապես Ռուսաստանի ներկայիս դիրքավորումն է ապահովում, որպեսզի միջազգային ուժային բոլոր կենտրոնները հենց Թուրքիային ճանաչեն որպես հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը վիժեցնող, բացարձակապես ապակառուցողական գործոն, որը որևէ պարագայում չի կարող հանդես գալ որպես օբյեկտիվ միջնորդ:

Երրորդ: Ռուսաստանի ներկայիս դիրքավորումն է պատճառը, որ առայժմ հաջողվում է հակամարտությունը պահել լոկալ արցախա-ադրբեջանական առանցքում և զսպել դրա՝ տարածաշրջանայինի վերածվելու հեռանկարը:

Չորրորդ։ Ռուսաստանի որևէ միակողմանի դիրքավորումը կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզման հիմքը: Այդ գործող համակարգի փլուզումը ոչ մի պարագայում չի բխում հայկական կողմերի շահերից, որովհետև դրան կարող են փոխարենել աշխարհաքաղաքականորեն չհիմնավորված այլ տարբերակներ։

Այս առումով, եթե չդիտարկենք աշխարհաքաղաքականության մեջ արժեք չներկայացնող հուզական բաղադրիչը, Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են և  հնարավորություն են տալիս Ռուսաստանին զսպելու թուրք-ադրբեջանական ախորժակը և օգնում Հայաստանին՝ ձգտելու հասնել ռազմաքաղաքական այնպիսի ստատուս- քվոյի հաստատման, որը առնվազն վտանգի տակ չի դնի Արցախի հետ կապված մեր համազգային նպատակները:

Արտաքին քաղաքականությունը արդյունավետ է, երբ կա շահերի համադրություն և հնարավորությունների ռացիոնալ գնահատական։ Իսկ  հանրության համար անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե գծային և զգացմունքնային, այլ ռացիոնալ-ճկուն մտածողությամբ։

Գոռ Աբրահամյան

Գոռ Աբրահամյանը ԵՊՀ դասախոս է, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն է: Վերլուծությամբ արտահայտված է նրա անձնական կարծիքը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]