Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արյունոտ լվացք».Կանադայում ապրող հայ արվեստագետը վճռական է պայքարել մինչև ձայնը լսելի դառնա

«Արյունոտ լվացք».Կանադայում ապրող հայ արվեստագետը վճռական է պայքարել 
մինչև ձայնը լսելի դառնա

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ այս օրերին ծավալվող պատերազմի ընթացքում տարբեր նախաձեռնություններով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում աշխարհի բազմաթիվ երկրներում գտնվող հայ համայնքները: Բողոքի ակցիաներ, ցույցեր, քայլերթեր, մեդիայի հետ աշխատանք և այլն. յուրաքանչյուր նախաձեռնությամբ փորձ է արվում իրազեկել տեղի լայն հասարակությանը՝ ներկայացնելով, այն, թե ինչ է կատարվում Արցախում: Տեղի իշխանություններին, հասարակությանը կոչ է արվում չլռել, անտարբեր չլինել Արցախում կատարվող իրադարձությունների հետ կապված: Կանադայում ապրող նկարչուհի, «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանն անարդարության դեմ իր բողոքն արտահայտեց արվեստի միջոցով: Այս օրերին Կանադայում կազմակերպվող բողոքի ակցիաներն առանձնանում էին նաև Մարիամ Մուղդուսյանի գաղափարներով՝ «արյունոտ լվացքից» մինչև թուրքական անօդաչու թռչող սարքերի կանադական արտադրության մասերի ներկայացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարիամ Մուղդուսյանը նշեց, որ այդ նախաձեռնություններով փորձ է արվում առավել ազդեցիկ ու խորհրդանշական ձևով տեղ հասցնել իրենց բողոքի ձայնը:

-Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի իրականացման օրերին, դուք որոշեցիք արվեստի միջոցով յուրատեսակ բողոքի ակցիա նախաձեռնել՝ «արյունոտ լվացք» փռելով Տորոնտոյում: Ինչպե՞ս այս գաղափարը հղացավ և ո՞րն էր գլխավոր ուղերձը:

-Այս օրերին բոլոր հայերի միակ մտածմունքի առարկան Արցախի դեպքերն են, Հայաստանում ընթացող իրադարձություններն են: Նախ ինձ մոտ առաջացավ որևէ կերպ բողոքս արտահայտելու գաղափարը: Ասեմ, որ ես մենակ չեմ եղել, ինձ օգնել են, շատ ակտիվ խումբ է ձևավորվել Կանադայում, որտեղ քննարկում ենք գաղափարները, այնուհետև իրականացնում: Առաջարկեցի իմ գաղափարը, խումբը շատ արագ ձեռնամուխ եղավ, որ օգնի և ստանանք այն, ինչ մտածում ենք:

Ինչ վերաբերում է լվացքին, ապա Հայաստանում այն հայերի ընկալումներում յուրահատուկ խորհուրդ ունի: Օրինակ, երբ տեսնում ենք, որ երկար ժամանակ մի որևէ պատուհանից լվացք չի երևում, ապա հասկանում ենք, որ այդտեղ մարդ չի ապրում: Լվացքից կարող ես որոշակի պատկերացում կազմել ընտանիքի մասին: Օրինակ, թե քանի մարդ է ապրում, ինչ տարիքի և այլն: Արյունոտ լվացքը կարող է խորհրդանշել մի բան՝ աղետ է պատահել: Դրանով փորձեցի ցույց տալ Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնել կանադական հասարակությանը, թե ինչ է տեղի ունենում Արցախում: Ուզում եմ՝աշխարհը տեսնի, թե ինչ է կատարվում հենց այս պահին Արցախում: Հասկանան, թե ինչ սոսկալի վիճակում են այս պահին գտնվում Արցախն ու Հայաստանը:

-Ձեր նախաձեռնությանը միացան նաև տեղի այլ ազգի արվեստագետներ: Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքն ու մոտեցումը:

-Այո, միացան: Իրականում ասեմ, որ դա բավական բարդ գործընթաց է: Օտարազգի արվեստագետները դժվար են ներգրավվում նման նախաձեռնություններում: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ վախենում են իրենց կամ հարազատների կյանքի համար: Դա շատ ցավալի երևույթ է: Նրանցից շատերը կարող են միանալ հայտարարություններին, սակայն սոցիալական էջերում վախենալ հրապարակել, որովհետև իրենց դեմ ակցիաներ են սկսվում, նույն ադրբեջանցիների կողմից:

-Որքանո՞վ կարողացաք լրատվամիջոցների, տարբեր գործիչների ուշադրությունը հրավիրել: Ի՞նչ արձագանք եղավ:

-Ինձ համար անսպասելի էր, սակայն բավական ակտիվ արձագանք եղավ: Քաղաքային նորություններ գրող, մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները, բլոգերները արձագանքեցին: Շատ կանադացի արվեստագետներ, ազդեցություն ունեցող անձինք այդ նյութերը տարածել էին իրենց էջերում: Կարծում եմ այն ձևաչափը, որն ընտրվել էր, դրանով հնարավոր եղավ տեղ հասցնել մեր ասելիքը: Ակցիայի թե տեսանյութերը, թե վիդեոները լայն տարածում են գտել:

-Օրերս Կանադայում մեծ բողոքի ակցիա անցկացվեց, որի ժամանակ, կարծես, նկարչության միջոցով ներկայացրել էիք թուրքական անօդաչուն: Ի՞նչ այլ մտահաղացումներ ունեք, առաջիկայում ի՞նչ այլ ակցիաներ են ծրագրված, ո՞ր քաղաքներում, ինչպիսի՞ ուղերձներով:

-Ասեմ, որ անօդաչուն չէր, այլ անօդաչուի վրա գտնվող այն մասերը, որոնք արտադրվում են Կանադայում: Այսինքն՝ անօդաչուի կանադական արտադրության մասերը: Այդ նախաձեռնության խորհուրդն այն էր, որ այն, ինչ այստեղ է արտադրվում, սպանում է հայերին: Դա բերել էինք Կանադայի Ազգային ժողովի շենքի դիմաց: Ի դեպ այս օրերին, որևէ տեսակի զենքի արտադրության համար օգտագործվող սարքավորման վաճառքը Թուրքիային Կանադայի կառավարության կողմից ժամանակավոր կասեցվել է:

Գաղափարաները շատ են, մի բան պարզ է՝ բողոքի ակցիաները պետք է շարունակվեն, այնքան ժամանակ, քանի դեռ մենք տեսանելի արդյունքի չենք հասել: Սա առհասարակ Սփյուռքի հայկական համայնքներին է վերաբերում, որոնք այս օրերին մոբիլիզացվել են: Բողոքի ակցիաներից զատ կարևոր են քաղաքական երկխոսությունները, որոնք ընթանում են: Դիվանագիտական կորպուսն աշխատում է իր ամբողջ ծավալով, աշխատում են Սփյուռքի հայրենակիցները, տեսնում եմ, որ հսկայական գործ է արվում: Այնպես որ, բողոքի ակցիաները մեկ այլ բան են, դրանց զուգահեռ ընթացող բանակցությունները բոլորովին այլ բան են: 

Բազմաթիվ գաղափարներ կան, այդ թվում արվեստի միջոցով մեր ձայնը բարձրացնելու նախաձեռնություններ, բայց պետք է մտածել և այնպես անել, որ ակցիան չլինի ինքնանպատակ: Մտածել այնպիսի բան, որ հասնի նշանակետին, դիպուկ լինի: Պատերազմի ավարտից հետո շատ գործ կա անելու թե Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, և այդ գործը վերբերում տարբեր ոլորտներին, այդ թվում մշակույթին:

Աննա Գզիրյան

Լուսանկարները` Անի Հարությունյանի(Կատոկի), ինչպես նաև Մարիամ Մուղդուսյանի Ֆեյսբուքի էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]