Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում 72 հավանում ունեցող էջով. Ալիևի անփառունակ ֆեյքերը

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում 72 հավանում ունեցող էջով. Ալիևի 
անփառունակ ֆեյքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից լայնորեն աջակցվող պատերազմին զուգահեռ Ադրբեջանն ակտիվացրել է նաև սոցիալական ցանցերում իր ֆեյքերի բանակը, որին ամեն օր ավելանում են նոր կեղծ օգտահաշիվներ ու էջեր: «Արմենպրես»-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, որոնք ստեղծվել են պատերազմի ընթացքում կամ դրանից որոշ ժամանակ առաջ և տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվություն: Հատկանշական հանգամանք է նաև այն, որ այդ էջերը ակտիվորեն գովազդվում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ որպես գեոլոկացիոն թիրախ ունենալով Հայաստանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ակտիվ գովազդային արշավ իրականացնող մի քանի էջեր։

Ալիևի ռեժիմն ու կեղծ օգտահաշիվները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստեղծած ֆեյքերը գրավել են անգամ «Ֆեյսբուք»-ի ղեկավարության ուշադրությունը: Դեռ հոկտեմբերի 9-ին «Ֆեյսբուք»-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ և  Instagram-ի 447 հաշիվ: Ընկերության պաշտոնական հայտարարությունում նշվել էր, որ փակված էջերի կողմից արված մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրման ժամանակ Հայաստանի գործողություններին, Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին: «Նրանք քննադատել են նաև ընդդիմությանը, որի առաջնորդները մեղադրվել են դավաճանության մեջ, և հերքել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները»,- նշվել է հայտարարությունում:

Այսօր էլ սոցիալական ցանցերում ստեղծվում են և դեռ մնացել են ադրբեջանական կեղծ հաշիվներ, որոնք փորձում են պատերազմական գործողությունների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել: Ստորև՝ դրանցից մի քանիսը.

Eu News and Middle east News

Ակտիվ գովազդվող էջերից է առաջին հայացքից եվրոպական լրատվամիջոցի «Ֆեյսբուք»-ի էջ հիշեցնող այս օգտահաշիվն իրականում ադրբեջանական է: Դժվար չէ այդ մասին գլխի ընկնել մի քանի հրապարակման ծանոթանալով: Այն տարածում է ակնհայտ պրոադրբեջանական և պրոթուրքական նյութեր, սակայն դրանք այնքան են իրականությունից հեռու, որ էջի հրապարակումներին հետևելով` կարելի է կարծել, թե Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են ողջ Եվրոպան և Ասիան ու շարժվում են դեպի Ամերիկա մայրցամաք:

Ուշագրավ է, որ էջն ունի շուրջ 2.5 տարվա պատմություն: Այն ստեղծվել է 2018թ. ապրիլի 21-ին, սակայն ունի ընդամենը 270 հավանում և 300 հետևորդ: Ադրբեջանի մոտ 10 մլն բնակչության հետ համեմատած, այնքան էլ հուսադրող թվեր չեն:

News Armenia

Չնայած, որ էջի անվանումն է «Լուրեր Հայաստան», իսկ գլխավոր նկարը հայկական եռագույնն է, այնուամենայնիվ, այն դարձյալ ադրբեջանական ֆեյք է: Այն նույնպես ադրբեջանցիներին առանձնապես հետաքրքիր չէ, այդ մասին են վկայում էջի հավանումների ու հետևորդների թվերը:

Ապատեղեկատվություն և հայերի նկատմամբ ատելության խոսք տարածող էջը ստեղծվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին, Արցախում ընթացող պատերազմի ժամանակ: 12 օրվա ընթացքում կարողացել է ձեռք բերել ընդամենը 476 հավանում և 641 հետևորդ: Էջի հրապարակումների տակ մեկնաբանություն գրողները հիմնականում հայ օգտատերերն են, որոնք կոչ են անում բոյկոտել ադրբեջանական հաշիվը:

Azerbaijani Armed Forces - Azərbaycan Silahlı Qüvvələri

«Ադրբեջանի Զինված ուժեր» անվանումը կրող էջը մեկն է նրանցից, որ ստեղծվել է պատերազմի օրերին` 2020թ. հոկտեմբերի 10-ին: Այն ակնհայտ նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վերաբերյալ: Չնայած էջի համեմատաբար նոր լինելուն, բազմաթիվ են պրոթուրքական և պրոադրբեջանական հրապարակումները:

Էջը կառավարողների համառ ջանքերն ապարդյուն են անցնում. երկու շաբաթվա գոյության ընթացքում այն հասցրել է ունենալ միայն 72 հավանում և 100 հետևորդ:

Остановим героизацию нацизма

Շուրջ 10 մլն բնակչություն ունեցող պետության համար «բավականին մեծ» լսարան ունի «Остановим героизацию нацизма» էջը: Այն ստեղծվել է 2020թ. ապրիլի 20-ին և ունի 1483 հավանում ու 1538 հետևորդ, և սա այն պայմաններում, որ էջը կառավարողները գումար չեն խնայում հրապարակումների վրա գովազդ տեղադրելու համար: Ադրբեջանական այս էջը զուր ժամանակ է վատնում` փորձելով վատաբանել Թուրքիայի սարսափ Գարեգին Նժդեհին և Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին:

Սոցիալական տարբեր ցանցերում նմանատիպ էջերը բազմաթիվ են, սակայն գրեթե ամեն օր արգելափակվում են հայ իրական օգտատերերի կողմից: Տեղեկատվական ճակատում Ադրբեջանը վաղուց պարտվածի կարգավիճակում է: Արդարության համար պետք է նկատել, որ դժվար է «մարտնչել», երբ ավելի քան 2.5 մլրդ ակտիվ օգտատեր ունեցող «Ֆեյսբուք»-ում գործում ես 72 հավանում ունեցող էջով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]