Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հավատում եմ՝ կհաղթենք. «կրեկեր ուտող տղան» պատմել է վիրավորվելու և սահմանին տրամադրության մասին

Հավատում եմ՝ կհաղթենք. «կրեկեր ուտող տղան» պատմել է վիրավորվելու և սահմանին 
տրամադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազենային վիրավորումից ապաքինվող շարքային Գեորգի Մելքոնյանը, ով ավելի հայտնի է, որպես «կրեկեր ուտող տղա», պատմել է մարտական ընկերների, սահմանին տրամադրությունների, ինչպես նաև իր վիրավորվելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեորգին հարցազրույց է տվել «Զինուժ մեդիա»-ին:

«Մենք սովոր էինք արդեն, նորմալ էր, որ մեր գլխավերևով արկ էր թռչում, նորմալ էր, որ անմիջապես կողքներովս փամփուշտ էր անցնում: Անգամ, երբ վիրավորներ են լինում, մյուս տղաները «դուխը չեն գցում» ու չեն մտածում, որ իրենք էլ շուտով կվիրավորվեն: Անկեղծ ասած, իմ վիրավորվելուց 1 ժամ առաջ ես նստած հաց էի ուտում ու կողքիս այլ վիրավոր կար: Չգիտեմ դա ինչ է, ամեն դեպքում, գուցե մարդիկ այնտեղ ավելի սառնասիրտ են դառնում: Անգամ, երբ իմանում ես, որ ընկերդ մահացել է, իսկ ես այնտեղ մոտ մարդկանց եմ կորցրել, միևնույն է, պետք է շարունակես ապրել»,- նշել է Գեորգին:

Նա շեշտել է, որ անցած շաբաթների ընթացքում ինքը շատ բան է տեսել, զգացել ու ըմբռնել, ինչպես նաև նորովի է սկսել գնահատել ու արժևորել մարտական ընկերությունը:

Պատերազմի 2-րդ օրը, սեպտեմբերի 28-ին՝ անտեսելով մոր խնդրանքը, իբրև կամավորական ռազմաճակատ է մեկնել նաև Գեորգիի ավագ եղբայրը՝ Գուրգենը:

«Մի տղաս այնտեղ էր, նեղվեցի, ասացի, գոնե դու մի քիչ ուշ գնա, տեսնենք ինչ է լինում, ասաց. «Չէ, մամ, դու ես մեզ սովորեցրել, որ պետք է հայրենիքը պաշտպանենք, ու տղան էլ պետք է վախկոտ չլինի, այլ իսկական տղամարդ»,- պատմեց Գեորգիի մայրը:

Գեորգիի՝ արկերի տարափի ներքո կրեկեր ուտելու տեսանյութը, եղել է ծնողին հասցեագրված և չի էլ մտածել, որ գուցե այն լայն տարածում գտնի համացանցում:

«Ուզում եմ, որ բոլորն իմանան՝ սահմանին կանգնած տղերքը մի վայրկյան անգամ չեն վախենում, իրենք շատ ուժեղ են, խիզախ: Մեզ համար շատ են աղոթում ու հենց այդ աղոթքներն են մեզ այսքան պահում, բարի խոսքերն ուժ են տալիս: Մենք պետք է մինչև վերջ գնանք, պետք է հաղթենք, ես հավատում եմ: Մեր ազգը շատ բաներ է տեսել, սակայն այդ ամենը մեզ չի թուլացրել: Մենք շարունակել ենք ապրել, շարունակել ենք կառուցել և շարունակելու ենք»,- պատմել է «կրեկեր ուտող տղան», սակայն միևնույն ժամանակ հավելել, որ երբեք չի մոռանա հատկապես մարտական ընկերների կորուստը:

Գեորգին ապաքինվելուց հետո պատրաստվում է կրկին մեկնել ռամաճակատ, քանի որ բոլորով պետք է պաշտպանեն հայրենիքը մինչև վերջ:

«Եթե մենք անընդհատ ետ քաշվենք, մի օր էլ կհասնեն մեր տան դռանը: Մի լավ խոսք կա. «Քո տունը սկսվում է սահմանից», ու, եթե մենք չպաշտպանենք այդ սահմանը, մի օր էլ մեր տունը կվերցնեն, կսպանեն մեզ ու մեր երեխաներին: Մենք պետք է կանգուն մնանք, պաշտպանենք մեր սահմանը և չթողնենք, որ որևէ թշնամի մեր սահմանից ներս անցնի:

Մայրն էլ հպարտությամբ ասաց, որ երեք որդի ունի ու բոլորն էլ հայրենասեր են:

«Սա մեր հայ ժողովրդի կռիվն է, նրանք ցանկանում են հայ ազգը վերացնել, ոչնչացնել, բայց այդպես չի լինելու, քանի որ հայը պինդ, հզոր ազգ է, եղել է ու կմնա: Ես հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ունեմ երեք որդի, որոնք հայրենասեր են: Կարծում եմ, որ այսօր պետք է բոլորս միախմբած լինենք, քան երբևէ: Ոչ ոք ոչ ոքի թող վատ բաներ չասի, ու միասնական մենք կհաղթենք»,- եզրափակեց Գեորգիի մայրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]