Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել

Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի 
համար միասնության և պայքարի կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ռումինիայի հայոց թեմից։

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կոչում նշված է.

«Սիրելի ռումինահայեր և բուլղարահայեր

Արդեն երեք շաբաթից ավելի է, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն, բայց միևնույն ժամանակ հերոսական ժամանակահատվածում: Հայ զինվորը կենաց և մահու կռիվ է տալիս դարավոր ոսոխի դեմ, ով դարձյալ նպատակ ունի ջնջել հայությանը և ենթարկել ցեղասպանության:

Այսօր առավել քան երբևէ Արցախն ու Հայաստանը, Մեր Սրբություն Հայրենիքը կանչում է Մեզ նոր սխրագործությունների, կանչում է պատմության փառավոր նոր էջ կերտելու: Մեր քաջարի զինվորները, կամավորականներն ու աշխարհազորայինները հերոսաբար դիմադրում են թուրք-ադրբեջանական միացյալ ուժերին և միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Այսօր Մենք մաքառում ենք ոչ միայն Մեր ինքնության պահպանման, Մեր ազգային արժեհամակարգի ու Հայրենյաց սահմանների անառիկության համար, այլ նաև միջազգային հանրության լուռ հայացքների ներքո պայքարում ենք ահաբեկչության դեմ և ապահովում ենք նաև իրենց աչքերն ու ականջները գոցած միաջազգային հանրության անվտանգության համար: Այսօր Մեզ է վիճակված դառնալու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորը:

Այսօր էլ Մեր զինվորներն ու հրամանատարներն հերոսական ու աներևակայելի մարտեր են մղում թշնամու դեմ: Սակայն սա բոլորիս Սրբազան պատերազմն է, սա համայն հայության գոյապայքարն է, քանզի վճռվում է հայի լինելության և չլինելության հարցը: Քանզի եթե չկա Արցախ, չկա նաև Հայաստան և Սփյուռք, եթե չկա Հայաստան, չկա ռումինահայ կամ բուլղարահայ համայնք: Ուստի սա բոլորիս պայքարն է և ճիշտ հիմա է պահը, երբ պիտի համախմբվենք և միասնական ճակատ կազմենք նենգ թշնամու և ահաբեկչական հրոսակախմբերի դեմ:

Սիրելիներ, Սրբազան Հայրենիքը կանչում է Ինձ, Ձեզ և Մեզ բոլորիս: Եկեք զինվորագրվենք և մեկնենք Արցախ՝ պաշտպանելու հայոց փառապանծ բանակի թիկունքը: Ոչ միայն աղոթքով, նվիրատվություններով ու հումանիտար օգնություններով, այլ առավել ևս ֆիզիկապես կանգնենք հերոս զինվորի կողքին, մարտնչենք և միասին կերտենք հայ ժողովրդի հերոսական պատմության հերթական դրվագը: Սա հայ ժողովրդի նոր Սարդարապատն է, ուր հաղթանակն անկասկած Մերն է լինելու: Մեր պայքարն արդար է, իսկ Աստված միշտ արդարների կողմն է, իսկ ,,եթե Աստված մեր կողմն է, հետևաբար ո՞վ է մեզ հակառակ,, (Հռոմ. 8. 31): Ուրեմն առաջ դեպի պայքար և դեպի հաղթանակ:

Թող Աստված օրհնի ու պահպանի Հայաստան և Արցախ Հայրենիքը Մեր, քաջարի մեր զինվորներին ու հրամանատարներին»:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ