Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչ է անում բոլորին ամեն կերպ օգնել հայոց բանակին

Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը կոչ է անում բոլորին ամեն կերպ օգնել հայոց բանակին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հետմահու «Արիության» մեդալով պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը,  կոչ է անում ամեն կերպ օգնել հայոց բանակին և լինել նրա կողքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կոչ եմ անում կանգնել մեր երկրի կողքին, մեր բանակի կողքին:  Պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ: Իմ կոչը նրանում է, որպեսզի բոլորը օգնեն մեր բանակին, հիմնադրամներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմի առաջին օրերից հայտվել է հայաստանյան և միջազգային մամուլի էջերին:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ