Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը

Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես 
հարավային ուղղությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց զինադադարի պայմանը: Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմով հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել․ մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հինգերորդ սերնդի այսպիսի լայնածավալ պատերազմներում այդ որոշակի տեղաշարժերը այդքան էական նշանակություն չունեն:

Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Նորայր Շողիկյան

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]