Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է ԼՂ իրավիճակի առնչությամբ 13 կուսակցությունների հայտարարությանը

Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է ԼՂ իրավիճակի առնչությամբ 13 
կուսակցությունների հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ քաղաքական դաշտի 13 կուսակցությունների հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տեր-Պետրոսյանը հայտարարությանն անդրադարձել է ի պատասխան iLur-ի հարցմանը:

«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին։ Եթե սա արված է զուտ փիառ նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ։ Ետպատերազմյան ներքին գզվռտոցն էլ ամենևին այն ցանկալի հեռանկարը չէ, որ այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությանը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:

Հոկտեմբերի 17-ին 13 քաղաքական կուսակցությունները դիմել ՀՀ կառավարությանը հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը.

  1. Ազատություն կուսակցություն
  2. Ազգային օրակարգ կուսակցություն
  3. Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն
  4. Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
  5. Երկիր Ծիրանի կուսակցություն
  6. Ժառանգություն կուսակցություն
  7. Համերաշխություն կուսակցություն
  8. Հայ Յեղափոխական Դաշնակցություն
  9. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  10. Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  11. Հայրենիք կուսակցություն
  12. Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
  13. Մեկ Հայաստան կուսակցություն

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ