Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հումանիտար զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Արցախի Մարտունի քաղաքում հարաբերական անդորր է

Հումանիտար զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո Արցախի Մարտունի քաղաքում 
հարաբերական անդորր է

ՄԱՐՏՈՒՆԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծվել են նաև Արցախի Մարտունի քաղաքն ու հարակից գյուղերը: «Արմենպրես»հետ զրույցում մեր գործընկեր Կարինե Դադամյանը նշեց, որ կեսգիշերին հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո Մարտունիում հարաբերական անդորր է հաստատվել:

«Կեսգիշերին հայտարարված զինադադարը շատ մեր բնակչությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն, շատ լավ իմանալով թշնամու բնույթը, մի կողմից ուրախանում, մյուս կողմից՝ կասկածում էինք, որ որոշումը կյանքի կկոչվի և կլինի վերջնական: Քիչ առաջ կապվեցի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի հետ: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ բնակավայրերում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Առայժմ բնակչությանը խնդրում և հորդորում են մնալ ապաստարաններում, պահպանել զգուշավորությունը, շարժը հնարավորինս սահմանափակել: Կապվեցի նաև բարձրադիր գյուղերի համայնքների հետ, որտեղից պարզ լսվում են շարունակվող հրետակոծության պայթյունների ձայներ:Մեր բնակչությունը շարունակում է սպասել իրական և վերջնական հրադադարին ու վերջնական հաղթանակին»,- ասաց Դադամյանը:

Մեր գործընկերը նշեց, որ ժամը 14:00-ի դրությամբ` Մարտունու շրջանում և քաղաքում շարունակում է գործել էլեկտրականությունը, անխափան գործում է կապը, ջրամատակարարումը, մասնակի է գործում գազամատակարարումը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ