Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Բանակցություններում ԼՂ ներկայացուցչի ներգրավումն անհրաժեշտություն է. The National Interest

Բանակցություններում ԼՂ ներկայացուցչի ներգրավումն անհրաժեշտություն է. The 
National Interest

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով, և որ Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից  ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարվարդի իրավաբանական դպրոցում Ֆիլիպիսի դասախոսության հիման վրա պատրաստված հոդվածը հրապարակվել է  The National Interest-ում:

Նա, մասնավորապես, նշել է, որ իրավիճակը սրվել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով: Ֆիլիպսը նկատել է, որ ներկայիս պատերազմն ավելի մահաբեր ու համառ է՝ Թուրքիայի լայն ներգրավվածության պատճառով: «Թուրքիայի նախագահ Էրդողանը թե ուղղակիորեն խթանում է բռնությունը, թե խարխլում է դիվանագիտությունը, որն ուղղված է հրադադարի հասնելուն:  Էրդողանը սատարում է Ադրբեջանի վերջին ագրեսիային, Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է հզոր զենքեր, որոնք օգտագործվում են մարտերում»,- ասված է հոդվածում:

Ֆիլիպսը շեշտել է նաև մարտերում թուրքական զորքերի, Թուրքիայի կողմից բերված ջիհաականների ներգրվաման մասին: Նշվում է, որ Էրդողանը նախկին օսմանյան տարածքներում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու հավակնություններ ունի: «Թուրքիայի ներգրավումը արտաքին պատերազմներին շեղում է երկրի բնակիչների ուշադրությունը ներքին աճող խռովություններից  և խեղդում է այլախոհությունը, որը բխում է Էրդողանի կողմից Թուրքիայի տնտեսության վատ կառավարումից»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ ներքին աջակցությունից զրկվելու պատճառով, հուսահատությունից Էրդողանը ջիհադականների է տեղակայել Կովկասում: Փորձագետը նկատել է, որ այդ վարձկանները  կապված են  մի շարք խիստ վտանգավոր ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք հայտնի են մարդկության դեմ վայրագություններ և հանցագործություններ կատարելով: Նա հիշեցրել է նաև, որ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հատուկ ջոկատայինները մուտք են գործել Արցախի Հադրութ քաղաք և իրենց տներում սպանել խաղաղ բնակիչների: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական թիրախների դեմ անխնա ռմբակոծությունները, այդ թվում միջազգայինորեն արգելված կասետային ռումբերի օգտագործմամբ:

«Այս դաժանությունները, ընդգծված Էրդողանի ՝ «մեր պապերի առաքելությունը Կովկասում կատարելու» խոստմամբ, ցույց են տալիս, որ կանգնած ենք ևս մեկ Հայոց ցեղասպանության շեմին»,-նշել է Ֆիլիպսն ու հավելել, որ Թուրքիայի պահվածքը չպետք է զարմանալի լինի տարածաշրջանի դիտորդների համար:

Նա նկատել է, որ Կանադան դադարեցնում է որոշ զենքերի վաճառքը Թուրքիային՝ այն պատճառով, որ այդ սարքավորումները օգտագործվում են ադրբեջանական ուժերի կողմից: Բանախոսը շեշտել է, որ ԱՄՆ-ն ևս պետք է նույն կերպ վարվի: Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Մինսկի խմբի միջնորդությունում: Ընդգծվում է նաև բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նաև այն, որ պետք է բացառվի Թուրքիայի միջնորդական որևէ դերակատարություն:

Դեյվիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրենն է: Նա Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք ծառայել է որպես Պետական դեպարտամենտի ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ: Այս հոդվածը հիմնված է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հարվարդի իրավաբանական դպրոցում նրա դասախոսության վրա:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ