Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում

Էկոնոմիկայի փոխնախարարը թուրքական ապրանքների ներկրման արգելքի դեպքում 
գնաճ և դեֆիցիտ չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը շուկայում ապրանքների դեֆիցիտ և գնաճ չի կանխատեսում թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավորապես արգելելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանն ասել է Կառավարության լրատվական ծրագրի հետ զրույցում:

«Առաջարկվում է Հայաստան ներմուծվող թուրքական ծագում ունեցող ապրանքների ժամանակավոր արգելումը, հիմնականում այն ապրանքների, որոնք ունեն վերջնական սպառման նպատակ: Թուրքիան սատարում է Ադրբեջանին ու այդ ֆինանսական միջոցներն ուղղվում են թե' պատերազմին, թե' ահաբեկչական գործողություններին` ընդդեմ Արցախի ու Հայաստանի Հանրապետության: Ապրանքների դեֆիցիտ չի լինելու, կարծում եմ, որ գների թանկացում նույնպես չի լինի, կավելանան ուղղակի այլ շուկաներից ներմուծման ծավալները»,- ասաց Սիմոնյանը:

Էկոնոմիկայի փոխնախարարը հավելեց, որ նախատեսվում է արգելքը կիրառել դեկտեմբերի 31-ից, իսկ կառավարությունն ու նախարարությունը թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսավարողներին կօգնեն նույն ապրանքները ներմուծել այլ շուկաներից:

«Դեկտեմբերի 31-ն այն ողջամիտ ժամկետն է, որը թույլ կտա մեր տնտեսավարողներին` վերադասավորվել այլ շուկաներ, եթե ներմուծում են կատարում միայն Թուրքիայից: Այլընտրանքային շուկաներ կան, որովհետև այդ ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են, այնպես չի, որ միայն Թուրքիայում են արտադրվում: Համադրելի շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի երկրները»,- նշեց փոխնախարարը:

Սահմանափակման ընդունման դեպքում այն կգործի 6 ամիս ժամկետով, սակայն արգելքը կարող է երկարաձգվել:

Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հոկտեմբերի 16-ին հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]