1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը` Հայաստան այցի և հայերին սատարելու մասին

Ուզում եմ վերադառնալ Արցախ, քայլել Շուշիում. Դանիել Դեքերը` Հայաստան այցի և 
հայերին սատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը բազմիցս սեր է խոստովանել հայ ժողովրդին ու Հայաստանին, մշտապես հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո նա ժամանեց Հայաստան` հայերի կողքին լինելու, նրանց սատարելու համար: Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին Դեքերը կրկին Հայաստանում է և զորակցություն է հայտնում իր սիրելի ժողովրդին: Նա պատրաստվում է հանդիպել Արցախից Հայաստան եկած երեխաների հետ և երգել նրանց համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը Դանիել Դեքերի հետ զրուցել է Հայաստանի հանդեպ սիրո,  հայկական երաժշտության յուրահատկության և այլ հարցերի շուրջ:

-Մի առիթով նշել եք, որ ձեզ հայ եք համարում, սիրահարված եք Հայաստանին: Արդյունքում ՀՀ քաղաքացիություն եք ստացել: Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ  ձեր ծանոթությունը մեր երկրի հետ, ի՞նչը ձեզ գրավեց Հայաստանում:

-Հայաստանին ծանոթացել եմ երգահան Արա Գևորգյանի հետ համագործակցության շրջանակում: Հենց այդ ժամանակ Հայաստանի հանդեպ հետաքրքությունս մեծացավ, ցանկացա ավելին իմանալ ոչ միայն երաժշտության, այլև պատմության, խոհանոցի մասին: Շատ սիրեցի հայերին:

-«Դլե յաման», «Կիլիկիա», «Մարտիկի երգը»… Մի շարք սիրված հայկական երգեր եք կատարում: Այդ երգերը հնչեցրել եք ինչպես Երևանում, այնպել էլ Արցախում: Ի՞նչ առանձնահատկություն ունի մեր երաժշտությունը, հայկական երգերի ի՞նչն է  հատկապես դուր գալիս օտարազգիներին:

-Ինձ՝ ամերիկացուս համար դա այլ աշխարհ է, այլ տիեզերք է: Հիշում եմ, երբ դեռ նոր էի հետաքրքրվում հայկական երաժտությամբ և ասացի, որ ցանկանում եմ կատարել դրանք, բազմաթիվ հայեր կարծիք հայտնեցին, որ անհնար է, և ես չեմ կարող անել դա: Նրանք ասացին, որ ես չեմ խոսում հայերեն և չեմ կարող զգալ այն, ինչ նրանք են զգում: Ես այդպիսի մարդ եմ. եթե ինչ-որ մեկն ինձ ասում է, որ չեմ կարող անել այս կամ այն բանը, ես սկսում եմ ավելի լուրջ մտածել իմ գաղափարներն իրագործելու ուղղությամբ: Ինձ համար հայերեն երգելը մարտահրավեր էր, որը ես ընդունեցի: Որքան մտերմացա հայերի հետ, այնքան ավելի լավ սկսեցի զգալ այդ երաժշտությունն ու ընկալել այն: Ես շատ լավ գիտեմ, թե ինչի մասին եմ երգում, գիտեմ երգերի պատմությունը, այդ իսկ պատճառով կարողանում եմ փոխանցել զգացածս:

Աշխարհի ոչ մի ծայրում չկա այնպիսի երաժշտություն, որն առավել յուրահատուկ լինի, քան հայկականը: Քանոնը, քամանչան, դհոլը շատ հետաքրքիր են հնչում: Զարմանալի երաժշտություն է. մի պահ տխրեցնում է, հետո՝ ուրախություն պատճառում:

- Ի՞նչ ասացին ձեզ չհավատացող մարդիկ, երբ լսեցին ձեր կատարումները,:

-Երբ թողարկվեց իմ առաջին հայկական ձայնասկավառակը, Լոս Անջելեսում էի, իմ հայ ընկերներից մեկը ներկայացրեց ինձ մեկ այլ հայի ու հարցրեց՝ արդյոք վերջինս ցանկանո՞ւմ է լսել իմ կատարումը, և նա պատասխանեց՝ այո: Երբ սկսեցի երգել, տեսա, թե ինչպես է նրա դեմքի արտահայտությունը փոխվում. նա զարմացած էր: Երգը լսելուց հետո հարցրեց՝ արդոք հա՞յ եմ, երբ ասացի՝ ոչ, նա սկսեց ինձ համոզել, որ հայ եմ: Այդ պահին ես հասկացա, թե ինչպես եմ կապված հայերի հետ: Մի անգամ էլ, երբ Հայաստանում էի երգում, հայտնի հայ երգչուհիներից մեկը մոտեցավ ինձ, նայեց աչքերիս մեջ, մի պահ լռեց, հետո ասաց, որ ես իրապես հայ եմ: Իմ կյանքում դա շատ հզոր պահ էր: Շատ շոյվեցի:

-Իսկ օտար լսարանի համար հայկական երգեր կատարո՞ւմ եք:

-Երբ հնարավորություն է ստեղծվում, անպայման երգում եմ: Ամերիկացիների համար հայկական երաժշտությունն ասես առեղծված լինի: Մարդկանց այն հետաքրքիր է: Երբ մի գործ երգում եմ, անպայման ցանկանում են երկրորդն էլ լսել:

-Ոչ միայն հայկական երգեր եք երգում, այլև հայերին հուզող հարցեր եք բարձրաձայնում: Հաճախ եք ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցն ու արժանացել թուրքերի քննադատությանը: Դեռ շարունակո՞ւմ եք խոսել այդ մասին:

-Մշտապես խոսում եմ այդ հարցի շուրջ: Ես չեմ ծնվել Հայաստանում, և այդ փաստն ինձ հնարավորություն է տալիս այլ տեսանկյունից խոսել Հայաստանի մասին: Եթե դուք բարձրաձայնեք ձեր խնդիրները, մարդիկ դա բնական կհամարեն, բայց երբ ես եմ անդրադառնում այդ թեմային, հարց է առաջանում, թե ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, ո՞րն է այդ խնդրի կարևորությունը: Երբ ծնողներդ են քեզ խնդրում անել ինչ-որ բան, այլ է, երբ ուսուցիչդ է խնդրում անել այս կամ այն բանը՝ այլ:

-Սոցիալական ցանցերում հաճախ եք նշում, որ ուշադիր հետևում եք այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Դեռ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եկաք Հայաստան մեզ աջակցելու նպատակով: Այս առավել դժվար օրերին կրկին մեր կողքին եք… 

-Երբ տեղեկացա այս ամենի մասին, շատ անհանգստացա ու միանգամից մտածեցի այստեղ գալ: Հայաստանի ընկերներս ասում էին, որ հարկավոր չէ, բայց ես հասկանում էի, որ դա անհրաժեշտ է: Այս օրերին շատերն են աջակցում Հայաստանին: Ես հզոր մարդ չեմ, ես բանակ չունեմ, ես ուղղակի մարդ եմ, բայց կարծում եմ, որ պետք էր գալ Հայաստան ու ասել, որ ձեզ հետ եմ ու աջակցում եմ ձեզ, որ անհրաժեշտ է ուժեղ լինել: Հիմա տխրություն և զայրույթ եմ զգում: Ցավում եմ այն զինվորների համար, որոնք զոհվել են, ընտանիքների համար, որոնց տներն ավերվել են: Շուշին, որտեղ 2017-ին երգել եմ, թիրախավորվել է: Զայրանում եմ այն բարբարոսություններից, որոնք իրականացվում են, բայց, կարծում եմ, որ անհրաժեշտ է կռվել ու հաղթել, պաշտպանել Հայաստանն ու Արցախը:

-Հայ հասարակության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով հնարավո՞ր է բարեգործական համերգային ծրագրով հանդես գաք այստեղ:

-Համերգի առնչությամբ նախնական ծրագրեր չունեմ: Պատրաստվում եմ այցելել Արցախից Հայաստան եկած երեխաներին, խոսել նրանց հետ, երգել նրանց համար:

-Արդեն նշեցիք, որ առիթ եք ունեցել երգելու նաև Արցախի երաժշտասերների առաջ: Ի՞նչ կասեք Արցախի մասին:

-Ես սիրեցի Արցախը: Արցախի ժողովուրդը բարի է, խաղաղասեր է, նրանք չեն ցանկանում պատերազմել, պարզապես ուզում են ազատ ու խաղաղ ապրել: Կարծում եմ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի որոշելու՝ ինչպես ապրել: Եթե ցանկանում են անկախանալ, պետք է անկախանան: Ես հպարտ եմ, որ եղել եմ Արցախում, ցանկանում եմ վերադառնալ այնտեղ, քայլել Շուշիում, Ստեփանակերտում և այլ քաղաքներում:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]