Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունաստանի քայլերը ՀՀ-ի նկատմամբ Անանյանը համարում է համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան

Հունաստանի քայլերը ՀՀ-ի նկատմամբ Անանյանը համարում է համերաշխության 
դրսևորման բարձրագույն աստիճան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկզբից ի վեր Հունաստանի դիրքորոշումը թյուրքագետ Արամ Անանյանը գնահատում է որպես Հայաստանի նկատմամբ համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անանյանը նշեց, որ դա առավել ակնհայտ դարձավ հենց այս դժվարին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի` Հայաստան կատարած այցով: Թուրքագետն ամփոփել է այցի և Հունաստանի դիրքորոշման կարևոր արձանագրումները:

Հունաստանը ցուցաբերում է համերաշխության դրսևորման բարձրագույն աստիճան

Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին օրերից Հունաստանը դրսևորում է քաղաքական կամք, խիզախություն և համերաշխության բարձրագույն աստիճան: Սա պատահականություն չէ. հույները լավագույնս կարող են պատկերացնել, թե ինչի կհանգեցնի ադրբեջանաթուրքական այս ավանտյուրան ոչ միայն այն պատճառով, որ ունեն մեզ համանման պատմական փորձ, այլ որովհետև հենց այսօր էլ բախվում են Թուրքիայի ծավալապաշտությանն Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում ու Հունաստանի շահերի նկատմամբ Էրդողանի ցինիկ վերաբերմունքին: Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Թուրքիան սոսկալի վիրավորանք հասցրեց ողջ քրիստոնյա աշխարհին: Հունաստանը շատ հստակ, միանշանակ դիրքորոշում հայտնեց Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ: Եվրոպական Միության անդամ որևէ պետություն, մինչ այս պահը, Հայաստանի հետ նման որակի մերձեցում չի ցուցաբերել, իսկ Հունաստանն ի ցույց է դնում իր սկզբունքայնությունը։ Հնարավոր է, դա դրական ազդեցություն ունենա նաև միասնական եվրոպական արտաքին քաղաքականության ընկալման համար:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան կատարած այցը ևս համերաշխության բացառիկ դրսևորում էր, իսկ այդպիսի դրսևորումները միջազգային քաղաքականության մեջ դժվար է գերագնահատել: Հայաստանի հետ համերաշխության լավագույն արտահայտումն էր նաև ռազմական գործողությունների օրերին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների այցը:  Սա խիստ կարևոր է՝ մանավանդ նման իրավիճակներում: Մեր գործընկեր ու բարեկամ Հունաստանը ցույց է տալիս, որ մեր կողքին է այս դժվարին պահին  ու չի խուսափում այցելել Հայաստան, բանակցություններ վարել այն դեպքում, երբ Covid-19-ի աշխարհում ամեն ինչ տարվում է դեպի առցանց հարթակներ: Հայաստանյան այցի ընթացքում Նիկոս Դենդիասը ֆիքսեց, որ մեր տարածաշրջանում առկա խնդիրը Հունաստանը բարձրաձայնելու է նաև եվրոպական ավելի լայն հարթակում․ Հունաստանի վարչապետը ԵՄ գագաթնաժողովում կխոսի Արցախի շուրջ տեղի ունեցողի և դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին: Այսինքն՝ Հունաստանն իրեն պահում է ազնիվ և անշահախնդիր բարեկամի նման: Մենք ունենք Հունաստանի հետ հետայսու ընդլայնված օրակարգ, որի մեջ Հայաստանի կողմից շեշտադրվեց նաև պաշտպանական բլոկում համագործակցությունը. սա շատ հետաքրքիր ազդակ է:

Աշխարհագրական տարածաշրջանները մեծացել են

Փոքրացող աշխարհում մեծացել են տարածաշրջանները: Այսինքն` այսօր հնարավոր չէ Հարավային Կովկասում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես այս տարածաշրջանի օրակարգերի համատեքստում, ինչպես հնարավոր չէ Արևելյան միջերկրածովում ընթացող զարգացումները դիտարկել բացառապես այդ տարածաշրջանում: Մեր պարագայում դա առավել քան շեշտված է. աշխարհագրորեն լինելով Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանը որոշակի ներգրավվածություն է ունեցել, ունի և ունենալու է Արևելյան միջերկրածովում` պատմական համայնքային էթնիկ և մշակութային ներկայությամբ, ինչպես նաև՝ մեր պատմական, արդար պահանջով, որը մեզ մոտեցնում է այդ տարածաշրջանին:

Այլևս փոքր տարածաշրջանների մասին խոսել ժամանակակից աշխարհում, հնարավոր չէ:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս դաշինքի առաջին փորձությունը

Սա Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևավորվող և մեծ հեռանկարներ ունեցող, քաղաքակրթական հիմքի վրա կառուցված դաշինքի առաջին փորձությունն էր, որի հաղթահարումը, կարծես, այս եռյակը հաջողությամբ ստանձնել է: Սրան զուգահեռ՝ քաղաքակրթական միասնության, խաղաղության դաշինք է ձևավորվել Հունաստանի շուրջ, իսկ որպես դրա հիմնական թշնամի ընկալվում է Թուրքիան: Թե՛ Հայաստանը, թե՛ Հունաստանը և թե՛ Կիպրոսը պետք է օգտագործեն այս պատմական պահը՝ նոր ձևաչափն էլ ավելի հղկելու, բյուրեղացնելու համար, որովհետև ակնհայտ է, որ ձևաչափն արհեստածին չէ, այն քաղաքակրթական առումով շատ բնական է: Սա հարձակողական դաշինք չէ, այլ զսպման մեխանիզմ, որովհետև այս միասնության արանքում գտնվում է անկայունության մի կենտրոն, որը ծովահրեշի նման այդ անկայունությունն ուղղորդում է դեպի իր տարբեր կողմերը: Եվ տեսնելով այդ ազդեցության արգեսիվ պարպումը՝ Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսն այլ բան չունեն անելու, քան ձևավորել այդ՝ պատմական, ինքնության, արժեքների, մշակույթի միասնության վրա հիմնված բևեռը, որը, միգուցե, ժամանակի ընթացքում կընդլայնվի կամ ավելի լայն դերակատարում կունենա տարածաշրջանային կտրվածքով:

Նախկին բալանսները փոփոխության են ենթարկվում

Այսօր վերանայվում են անցյալի միջազգային հարաբերություններից ու կառուցակարգերից շատերը: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ, շատ հաճախ, նախկինում գոյություն ունեցած բալանսները փոփոխության են ենթարկվում: Այս առումով դինամիզմը մեծ է: Հայաստան-Հունաստան-Կիպրոս գործակցությունը դրա վկայություններից մեկն է, որովհետև այս դաշինքը մենք հակադրում ենք բարբարոսությանը, որին այսօր հանդիպում ենք, օրինակ, Արցախում։ Մենք ասում ենք, որ սա արժեքային դաշինք է: Մենք տեսնում ենք, որ հարավարևելյան Եվրոպայում արժեքային մի դաշինք է ստեղծվել, տեսնում ենք Հունաստանի աշխարհաքաղաքական նոր դերակատարումը, որն այս պահին բերում է Թուրքիայի, որպես անկայունության էպիկենտրոնի, որոշակի բալանսավորման:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ազդեցությունն ու Պոմպեոյի մեսիջը

Հունաստանում շատ լավ հասկանում են, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Հունաստանում շատ լավ հասկացել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեսիջը, որն ուղղված է բացառապես Թուրքիայի ապակառուցողական, քայքայիչ գործունեության դեմ: Այդ մեսիջը չի կարող լրացուցիչ ազդակ չլինել ամերիկյան այլ դաշնակիցների համար, որոնք պետք է արդեն եզրակացություններ անեն: Միգուցե, դա նաև ազդակ էր Բաքվին՝ համակերպվել այն մտքի հետ, որ Արցախի խնդիրը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի մեջ:

Հունական հասարակության արձագանքն Ադրբեջանի սանձազերծած պատերազմին

Ժողովրդավարական պետությունում որոշում կայացնողների համար շատ կարևոր է հասարակության արձագանքը: Թե՛ հունական մամուլում, և թե՛ հունական հասարակությունում մենք տեսնում ենք այդ միահամուռ աջակցությունը մեր արդար պայքարին: Հայաստանում դա մեծապես գնահատում են:

 Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի սանձազերծած ագրեսիայի դեմ երեկոյան բողոքի ակցիա է տեղի ունեցել Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում՝ «Սպիտակ» աշտարակի մոտ, որն առաջին նմանօրինակ ակցիաներից էր արտերկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]