Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեզ համար վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի. ՀՀ նախագահը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Մեզ համար վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի. ՀՀ նախագահը՝ 
Հունաստանի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 16-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, բարեկամությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն»:

Հանրապետության նախագահն ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: «Սակայն անկայունության և բռնության աղբյուրը նույնն է»,-ասել է Հայաստանի նախագահը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում ամրացել է: «Դա արտահայտվել է ոչ միայն մեր հարաբերություններով, փոխընկալմամբ, այլ նաև մեր ընդհանուր ցավով,- նշել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: -Դուք անցել եք ցեղասպանության միջով, մենք ևս՝ Պոնտոսի հույները, անցել ենք ցեղասպանության միջով: Մենք միշտ հիշում ենք դա և չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի: Զարգացման ընթացքում մեր երկրները ագրեսիայի զոհ են դարձել, դա միանշանակ է: Դուք այսօր դիմագրավում եք շատ ավելի դժվարին իրավիճակների: Դա ակնհայտ է: Իմ այցը Երևան դիտարկում եմ որպես մեր բարեկամության և աջակցության խորհրդանիշ՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին»:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն:

Քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]