Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի գոյութենական վտանգը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Գուտերեշին

Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի գոյութենական 
վտանգը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Գուտերեշին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունն է հայտնել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:
Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը:

ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: 

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովրդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]